Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կարող են ուղիղ հասանելիություն տրամադրել Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին (ՍԷԿՏ)։ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հանձնաժողովին թույլատրել օգտվել համակարգի տվյալներից՝ պաշտոնատար անձանց հայտարարագրերը ստուգելու, հնարավոր խախտումներ բացահայտելու և բարեվարքությունն ուսումնասիրելու նպատակով։
Ներկայում անհրաժեշտ տեղեկությունները ստանալու համար Հանձնաժողովը ստիպված է գրավոր հարցումներ ուղարկել պետական մարմիններին, այդ թվում՝ ՆԳՆ ոստիկանություն։ Ըստ նախագծի՝ այս գործընթացը լրացուցիչ վարչական ծանրաբեռնվածություն է ստեղծում և կարող է խոչընդոտել վարույթների՝ օրենքով սահմանված ժամկետներում իրականացմանը։
ՍԷԿՏ տվյալները հնարավորություն կտան, մասնավորապես, ստուգել պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների՝ հայտարարագրերում նշված կամ չնշված ճանապարհորդությունները, ինչպես նաև պարզել՝ արդյոք նրանք տվյալ ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի տարածքում։
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Դրա ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Ակնկալվում է, որ նոր կարգավորումը կնպաստի Հանձնաժողովի աշխատանքների արագացմանն ու արդյունավետության բարձրացմանը։