Ասում են՝ պատմությունը կրկնվում է, երբ դասեր չես քաղում։ Ի՞նչ կարևոր դասեր պիտի քաղենք մեծ ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից, որի տարելիցն է այսօր՝ ապրիլի 24-ին։
Մինչև վերջերս կարծում էին, թե 21-րդ դարում մարդկության դեմ նման հանցագործություններ չեն լինի։ Սակայն մեր աչքի առաջ չբարեկամները զավթեցին Արցախը և բռնի տեղահանեցին հայերին, ինչը մարդկության դեմ հանցագործություն է։ Ենթադրելի է, որ եթե Հայաստանում և Արցախում քաղաքականություն որոշողները սերտած լինեին Ապրիլի 24-ի դասերը, ապա Արցախը կպահեին, գուցե նաև Արցախի ինքնորոշման իրավունքը կճանաչվեր աշխարհի կողմից։
Առաջին կարևոր դասը սերտել էին բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից։ Այն շատ պարզ, տարրական գիտելիք էր, Հայկ Նահապետից ավանդված։ Եթե Հայկը անկախության համար չկռվեր, ապա այսօր հայ չէր լինի։ Սեպտեմբերի 21-ից հետո հայերը հասկացան, որ ցեղասպանության ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է ունենալ պետություն։ 19-րդ դարում Օսմանյան կայսրության բազմաթիվ ժողովուրդներ պայքարեցին ու անկախություն ստացան, հայերը չէին ուզում անկախություն։ Եթե 1876-ին Հայաստանն անկախանար, ապա 1915-ին թուրքերը չէին ցեղասպանի հայ ժողովրդին։ Հիմա ինչքան ամուր պաշտպանենք անկախությունն, այնքան փոքր կլինի ցեղասպանվելու վտանգը։ Ինչքան նահանջենք անկախությունից, այնքան ռիսկը կաճի։
Սա էր պատճառը, որ երբ 1995-ից սկսած ՀՀ իշխանությունն անկախությունից նահանջի քայլեր արեց՝ ռուսական ռազմակայան դրեց, հետո ռուսներին կոպեկով ծախեց կարևոր ենթակառուցվածքները, հետո տնտեսությունն ամբողջությամբ կապեց ռուսական սայլին, ապա ցեղասպանվելու ռիսկը մեծացավ։ Հավանաբար՝ սա գիատակցելով՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Հավանաբար, կարծում էին, թե եթե ամենուր խոսենք Հայոց ցեղասպանության մասին, ապա ռուս-թուրք չբարեկամները կխղճան ու չեն ցեղասպանի մեզ։
Ամեն ինչ փոխվեց 2018-ին, երբ ռուսների միջոցով ֆորպոստի վարչապետ կարգվեց Փաշինյանը, որն արհամարհում էր ՀՀ անկախության պաշտպանության խնդիրը մինչև 2023-ի սեպտեմբերի 24-ը։ Ոմանք կանխատեսում էին, որ այս պատճառով ազգային մեծ աղետ է լինելու, բայց Փաշինյանը շարունակում էր ապազգային կուրսը։
Նույնիսկ 2020-ի պատերազմի օրերին, երբ սահմանային իրավիճակ էր և թվում էր, թե պետք է ողջամիտ որոշումներ ընդունեն անկախության պաշտպանության հարցում և կանգնեցնեն պատերազմը, Փաշինյանը գերադասում էր սպասարկել ռուսական շահերը, ինչն էլ հայերի դեմ պատերազմի լեգիտիմացման հիմք տվեց, հետո նաև հայերի բռնի տեղահանման։
Ցեղասպանության երկրորդ կարևոր դասն այն է, որ մահացու վտանգավոր է ուրիշի պատերազմին մասնակցելը։ Այն արդրացված է մեծ տերությունների համար, որոնք շահ ունեն աշխարհի բոլոր անկյուններում։ Փոքր երկրի, առավել ևս՝ անկախություն չունեցող ժողովրդի համար օտարի կռվին մասնակցելը մահացու է ռիսկային է։ Այդ ռիսկը նվազեցնելու համար մասնակցության պատասխանատվությունն իր վրա է վերցնում առաջնորդը, ինչպես, օրինակ, Մելիք Եգանը պատասխանատվություն ստանձնեց Նադիր շահի անատոլիական արշավանքին հայկական 6 գումարտակով մասնակցելու ժամանակ։ Իսկ երբ պատասխանատվությունը դրվում է ժողովրդի վրա, ապա ժողովուրդն է դառնում թիրախ թշնամու համար։ 1914-ին հայկական 4 կամավորական գնդեր էին կռվում ռուսական բանակի առաջին շարքում։ Պարզ չէ՞ր, որ երիտթուրքը կարող էր վրեժ լուծել հայերից դրա համար։
Ներկայումս քաղաքական առաջնորդներն իրենց սխալների պատախանատվությունը փորձում են բարդել ժողովրդի վրա։ Փաշինյանն իր աղետալի սխալների մեծ մասը փորձում է ուղղակի կամ անուղղակի բարդել ժողովրդի վրա։ Եթե աշխարհում հիմք ընդունեն քաղաքական առաջնորդների մեղադրանքները հայ ժողովրդի հասցեին, ապա տպավորություն կստեղծվի, թե մենք այնքան սխալ ենք մտածում ու գործում, այն աստիճանի ռեալ վտանգ ենք ներկայացնում աշխարհի, մարդկության, խաղաղության համար, որ արժանի ենք ցեղասպանվելու։
Ինչևէ. Դառնանք զօղորմին տի տանք 1,5 միլիոն նահատակներին։ Նրանց սրբությանն արժանի լինենք։ Եվ հուսանք, որ վաղվա առաջնորդները կսերտեն այս դասերը՝ անկախության պաշտպանությանն ուղղված գործուն քայլեր կանեն։ Փոքրոգաբար չեն վախենան ու չեն փախչի անկախությունից, հաստատ կմնան ժողովրդի ազատության համար պայքարի դիրքերում, ամոթալի զիջումներ չեն անի, չեն նահանջի, ժողովրդի վրա չեն գցի իրենց խայտառակ սխալները, չեն ներքաշի ժողովրդին օտարի պատերազմի մեջ, չեն ստեղծի ցեղասպանության առիթ։
Թաթուլ Մկրտչյան