Գավառի համայնքային գրադարանը և նրա տարածքային ստորաբաժանումները մասնակցեցին Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Կարտոֆիլի տոնին՝ ներկայացնելով հետաքրքիր, ինքնատիպ և ստեղծագործական լուծումներով հարուստ տաղավար։
Գրադարանավարները պատրաստել էին կարտոֆիլից բազմազան ուտեստներ, ինչպես նաև կարտոֆիլից ստեղծել զվարճալի կերպարներ՝ գրադարանավարի, հարսի, փեսայի, բժշկի և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների տեսքով։
Տոնի ընթացքում յուրահատուկ աշխուժություն էր հաղորդում գրադարանի ինտելեկտուալ անկյունը։ Այցելուները, կարդալով ասույթներ և ճիշտ գուշակելով դրանց հեղինակներին, որպես մրցանակ ճաշակում էին կարտոֆիլային բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ և տարբերանշաններով թխվածքաբլիթներ։ Իսկ խելացի գրատախտակն օգնում էր պարզել, թե Հայաստանի ո՛ր մարզում է կարտոֆիլի մշակությունն առաջատար։
Տոնական մթնոլորտն ամբողջացնում էին ազգային երգն ու պարը՝ միջոցառմանը հաղորդելով հայկական ավանդույթներին հարազատ ջերմություն ու աշխուժություն։
Գավառի համայնքային գրադարանն այս մասնակցությամբ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գրադարանը ոչ միայն գիտելիքի ու ընթերցանության կենտրոն է, այլև մշակութային կյանքի ակտիվ մասնակից՝ ստեղծագործական մտքի, ազգային արժեքների և համայնքային համախմբման կարևոր հարթակ։