
COP-17–ին եվրոպացի առաջնորդների բոյկոտը դժգոհության ալիք է բարձրացրել իշխանական թիմում, հատկապես հակառուսական թեւում։ Նրանք Փաշինյանին են մեղադրում այդ հարցում, ասում են՝ Ռուսաստանի ուղղությամբ վերջին շրջանի ռեւերանսներն են պատճառը, որ Արեւմուտքն էլ է երես թեքում մեզնից։ Այս խմբի կարծիքով՝ երկաթուղու, ատոմակայանի հետ կապված ռուսամետ դիքորոշում հայտնելով Փաշինյանը զուր ջանքեր է գործադրում՝ փրկելու հայկական տնտեսությունը, մասնավորապես լուծելու հայկական ապրանքների արտահանման խնդիրը։ Նրանց համոզմամբ, գնացքն արդեն գնացել է եւ «Մոսկվան էլ արցունքներին չի հավատում» եւ դրա վառ ապացույցն է այն, որ արտահանման հարցում որեւէ դրական տեղաշարժ չկա: Ճիշտ հակառակը, Մոսկվան ավելի է մեծացնում ճնշումը:
Այսօր հայտնի դարձավ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները զեկույց են ներկայացրել Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված ԵՄ-ին մեր երկրի ինտեգրման շուրջ քննարկումների հետ։ Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման դեպքում գազի ներմուծումը Հայաստանի համար կթանկանա 69%-ով։ Բացի այդ, Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կկրճատվի ավելի քան երկու անգամ՝ հասնելով 1,8 միլիարդ դոլարի՝ 2025 թվականի 3,88 միլիարդ դոլարի համեմատ։ Այդ փաստաթղթի համաձայն՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կարող է 2025 թվականի 3,95 միլիարդ դոլարից նվազել մինչև 1,85 միլիարդ դոլար։ Հայաստանցի աշխատանքային միգրանտների նկատմամբ էլ կկիրառվեն միության անդամ երկրներում աշխատաշուկայի կարգավորման նպատակով սահմանվող քվոտային սահմանափակումներ։ Բացի այդ, նրանց եկամուտների նկատմամբ կվերականգնվի երրորդ երկրների քաղաքացիների համար նախատեսված հարկման ռեժիմը։ Նույն սցենարի դեպքում, ըստ զեկույցի, Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ նույնպես կվերականգնվի հարկման այն ռեժիմը, որը կիրառվում է երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Սա այն ապոկալիպսիսի սցենարն է, որի մասին խոսում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը:
Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի դեկտեմբերի սկզբին։