«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի էջերում տարածվող պնդումները, թե Ադրբեջանում փորձել են իջեցնել Թուրքիայի դրոշը, ապատեղեկատվություն են»։
Այս մասին նշվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի՝ X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տարածվող կադրերն ավելի վաղ են նկարահանվել։
«Այդ կադրերի նկարահանման պահին հենց Ադրբեջանի քաղաքացիներն են առաջինը և ամենավճռական կերպով արձագանքել սադրանքին։ Թուրքիայի դրոշն իջեցնելու որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,- ասվում է հրապարակման մեջ։
Կենտրոնում ընդգծել են, որ հին կադրերը որպես նոր միջադեպ ներկայացնելը և դրանք համատեքստից դուրս տարածելը նպատակ ունի վնասելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական ու եղբայրական հարաբերությունները։