Ռուսական կողմը կլսի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների առաջարկները, սակայն մտադիր չէ գնալ քաղաքական զիջումների։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները եկել էին և փորձում էին մեզ համար ինչ-որ բան «կազմակերպել»։ Տեսնենք՝ ինչ կառաջարկեն։ Եթե առաջարկեն մի բան, որը մեզ ձեռնտու է տնտեսական և ֆինանսական առումներով, ապա ինչո՞ւ ոչ։ Բայց դա պետք է արվի առանց մեր կողմից որևէ քաղաքական զիջումների»,- ասել է դիվանագետը։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները պատժամիջոցների հարցում «հրաշքներ չեն ակնկալում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։
Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները արևմտյան երկրների հետ, սակայն դրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին կային մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու։