Պայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով: Խնդրի մասին ահազանգել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Հրապարակված տեսանյութում պատգամավորը, մասնավորապես, նշել է․
Շարունակելով քաղաքական հայացքների պատճառով մեր հայրենակիցներին աշխատանքից ազատելու թեման՝ ասեմ, որ այսօր շատ էին ահազանգները։ Մարդիկ նշում էին, որ տարբեր հաստատություններում իրենց քաղաքական հայացքների պատճառով ենթարկվում են ճնշումների: Արձանագրենք մի շատ կարևոր դեպք․ Սերգեյ Հովհաննիսյանը՝ պայմանագրային զինծառայող, նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով:
Կան դեպքեր պետական ապարատում և զինկոմիսարիատներում, երբ ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են ազատման դիմումներ գրել, որովհետև չեն ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Սա շատ ցավալի իրողություն է, երբ օրվա իշխանությունները չեն տիրապետում մեր համայնքներում և բնակավայրերում տիրող իրավիճակներին և նոր-նոր սկսել են ինչ-որ գործողություններ իրականացնել: Արդյունքը պետք է լինի այն, որ այս մարդիկ վերականգնվեն իրենց աշխատանքում և վերականգնվի այս մարդկանց արժանապատիվ աշխատելու իրավունքը: Եվ եթե այս ամենը լոկ PR գործիքակազմ չէր միջազգային գործընկերներին ցույց տալու համար, թե օրվա իշխանությունները ժողովրդավարական սկզբունքների կրողներ են, ապա օր առաջ այս մարդիկ պետք է վերականգնեն իրենց աշխատանքը»։
Ավելի վաղ Գևորգյանը ահազանգել էր, որ Ստեփանավանի Ամալիա Կարապետյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Սերինե Մանուկյանը, Ստեփանավանի պոլիկլինիկայի բուժքույրեր Օլգա Սահակյանը և Մանուշակ Լալազարյանն ազատվել են աշխատանքից իրենց քաղաքական հայացքների պատճառով կամ ճնշվել են ղեկավարության կողմից, որպեսզի թողնեն իրենց աշխատանքը։
«Բազմաթիվ են այս դեպքերը, և ոչ միայն մեր աջակիցները, մեր քաղաքական հայացքները կիսող մարդիկ են ազատվել, աշխատանքից ազատվել են նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր ընդամենը արմատներով Տաշիրից են։ Վահագն Հովակիմյանին, որ հարցնեք Կարինե Մուրադյանի մասին, ով 20 տարի աշխատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նա ձեզ առավել մանրամասն կպատմի»,– ասել էր պատգամավորը։