
Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այս մասին որոշում է կայացվել կուսակցության վարչության նիստում։ Թե ինչն է եղել կուսակցությունից հեռացնելու պատճառը, դեռևս պաշտոնապես չի հաղորդվել։ Հատկանշական է, որ Ստեփանյանի անունը վերջին տարիներին հայտնվել է նաև քրեական գործի և համայնքային բյուջեից վճարումներ ստանալու վերաբերյալ հրապարակումների համատեքստում։ Արթուր Ստեփանյանը մեղադրվում է իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության և պաշտոնեական կեղծիքի համար։ Քրեական գործը վերաբերում է Եղեգիս համայնքի յոթ բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցմանը։ Ըստ վարույթի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների՝ պետական և համայնքային միջոցներով իրականացված՝ շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի ընթացքում նոր խողովակների փոխարեն հին խողովակներ են տեղադրվել, իսկ համայնքին պատճառված վնասը գնահատվել է շուրջ 25 միլիոն դրամ։