
ԹՐԻՓՓ-ի վավերացումից հետո ևս երկու փաստաթուղթ պետք է ստորագրվի: ԹՐԻՓՓ նախագծի գործարկմանն ուղղված գործընթացի շրջանակում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտ կլինի ստորագրել բաժնետերերի պայմանագիրը և հաստատել ընկերության կանոնադրությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ այս երկու փաստաթղթերի ձևակերպումից հետո ավարտին կհասցվեն նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ հիմնական փաստաթղթային քայլերը։
Միրզոյանի խոսքով՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը պատասխանատու է լինելու նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման և կառավարման համար, ինչպես նաև ստանալու է դրանց նկատմամբ կոնցեսիոն իրավունքներ։ Ընկերության զարգացման գործում էական մասնակցություն է ունենալու ԱՄՆ-ը, որը, նախարարի ներկայացմամբ, հետապնդում է նաև սեփական տնտեսական շահերը։
Անդրադառնալով նախագծի նշանակությանը՝ Միրզոյանը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցով նախատեսվում է բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունները։ Դրանք դիտարկվում են որպես արևելք-արևմուտք ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կարևոր հանգույցներ։