
Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանում հիմնվելիք իր ակադեմիայի վերաբերյալ։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, իսկ դրա պատասխանատուները օրերս այցելել են Լիսաբոն՝ ծանոթանալու ակումբի մարզչական մեթոդաբանությանը, կազմակերպչական սկզբունքներին և երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման համակարգին։
«Բենֆիկայի» պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Benfica Academy Armenia-ն նախատեսվում է բացել 2027 թվականի ամռանը՝ Երևանում։ Նախագիծն իրականացվում է պորտուգալական ակումբի և Football Investment Group-ի համագործակցությամբ։
Ակադեմիան կգործի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքում։ Նախատեսվում է, որ այն հնարավորություն կունենա ընդգրկելու ավելի քան 1000 պատանի ֆուտբոլիստների՝ 4–17 տարեկանների տարիքային խմբերում։