TRIPP-ի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից․ միջազգայանագետ

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի (լճացում-խմբգ․) մեջ է․ գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այդ են վկայում թե՛ Հայաստանից հնչող հայտարարությունները, թե՛ ընդհանուր գործընթացները։ Հայաստանի իշխանությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել է բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումը անմիջապես ազդում է մյուսների վրա։

Այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ինչը ենթադրում է նաև մյուս գործընթացների դանդաղում։ Նախագծի իրականացման հեռանկարները մասամբ կախված են նաև Իրան-ԱՄՆ հարաբերություններից։ Վերջին պատերազմի ժամանակ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նախաձեռնություններին, ինչպիսին է նաև TRIPP-ը։ Հետևաբար նախագծի իրականացումը հետայսու կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև Իրանից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն, բնականաբար, գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» հետևից։ Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի:

Այսպիսով, ձևավորվում է հետևյալ տրամաբանությունը․ եթե չկա TRIPP, ապա դժվար է պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջընթացը։ Իսկ եթե TRIPP-ը չիրականացվի, ապա մեծանում է այլընտրանքային՝ ավելի ռիսկային սցենարների հավանականությունը։ Այլընտրանքների բացակայությունը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական հաշվարկների հերթական տապալումն է»,- գրել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *