Վա՛յ այն քաղաքական ուժին, որը երկրի անվտանգության սպառնալիք մոլորված հովվին է համարում․ Արարատ Միրզոյան

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում TRIPP նախագծի և Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման հարցերի քննարկման ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդիրներին՝ նշելով, որ չլուծված հարցերը չպետք է խոչընդոտեն խաղաղության գործընթացում առաջընթացին։

Միրզոյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում կան ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ մտահոգիչ հարցեր։ Դրանց թվում նա հիշատակեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության հետ անհամատեղելի համարեց,  նաև պահվող անձանց ազատ արձակման հարցը։

«Խաղաղությունը քայլ առ քայլ է կառուցվում, անընդհատ խութեր կլինեն»,- ասաց Միրզոյանը՝ քննադատելով այն մոտեցումը, երբ չլուծված խնդիրների պատճառով առաջարկվում է հրաժարվել նաև դրական զարգացումներից։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի դեպքին՝ հայտարարելով, որ սխալ է երկրի անվտանգության սպառնալիքը նույնացնել մոլորված հովվի հետ։

«Վա՛յ այն քաղաքական ուժին, որը մտածում է, թե երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»,- ասաց նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ սահմանային նման միջադեպեր կարող են տեղի ունենալ, սակայն կարևոր է, որ կողմերը խնդիրները փորձեն լուծել համագործակցության միջոցով՝ առանց նոր պատնեշներ ստեղծելու։

«Հիմա ի՞նչ անենք, ասենք՝ վերջ, փակենք ամեն ինչ և նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։


Քննարկման ընթացքում նախարարը նաև նշեց, որ TRIPP նախագծի վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ամերիկյան կողմի մասնակցությամբ տեղեկատվական արշավներ իրականացնել։

 

Սվետլանա Պետրոսյան

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *