ԱՄՆ-ն ու Ադրբեջանը սկսել են TRIPP երթուղու վերաբերյալ տեխնիկական բանակցությունները, քանի որ գլոբալ էներգետիկ ցնցումները Բաքվի տարանցիկ հնարավորությունները մղում են Եվրոպայի ուշադրության կենտրոն. գրում է Euronews-ը։
ԱՄՆ տեխնիկական պատվիրակությունն ավարտել է Բաքվում «Թրամփի երթուղու» (TRIPP) վերաբերյալ բանակցությունները, քանի որ Վաշինգտոնը ձգտում է Ադրբեջանի հետ իր նոր ռազմավարական գործընկերությունը վերածել կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի։
ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալությունը (USTDA) այցն ավարտել է չորեքշաբթի՝ հայտարարելով, որ նպատակը երկու երկրների միջև «համատեղ ռազմավարական ենթակառուցվածքային առաջնահերթությունների առաջխաղացումն» է, որը փետրվարին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Բաքու այցելության ժամանակ ստորագրված ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի մի մասն է։
«Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքն այն դարձնում է անփոխարինելի հանգույց Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող Տրանսկասպյան տարանցիկ ճանապարհի երկայնքով», – Euronews-ի հետ զրույցում նշել է USTDA-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով երկրի մենեջեր Սառա Լեմինգը։
Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» այս միջանցքն ավելի կարևոր կդարձնի։ TRIPP-ը կապում է Հարավային Կովկասն ավելի լայն՝ «Միջին միջանցքին», որը կապում է Չինաստանը և Կենտրոնական Ասիան Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով Եվրոպայի հետ։
USTDA-ն հայտարարել է, որ այժմ ուսումնասիրում է նախագծեր ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք աջակցում են Ադրբեջանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգությանը՝ «միաժամանակ առաջ մղելով ԱՄՆ տնտեսական և ռազմավարական շահերը»։
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն աշխատում են տարանցիկ երթուղու զարգացման վրա, որը Վաշինգտոնը համարում է Արևելք-Արևմուտք էներգետիկ և լոգիստիկ հոսքերի վերաձևավորման, ինչպես նաև ավանդական մատակարարման ուղիներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու կենտրոնական գործոն։