Ֆրանսուա Դեւեջյանը քննադատել է Բրիջիթ Մակրոնին

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը Փարիզի Ելիսեյան պալատում պաշտոնական ընդունելություն-ճաշ է կազմակերպել Ֆրանսիայում հավատարմագրված կին դեսպանների և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար։ Սա ավանդական դարձած հանդիպում է, որը կազմակերպվում է Փարիզի կին դեսպանների հատուկ դիվանագիտական ակումբի («girls club») շրջանակներում, որին Բրիջիթ Մակրոնն անդամակցում է 2017 թվականից։

Այս հանդիպման ընթացքում քննարկել են կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, կրթության, առողջապահության, ինչպես նաև սոցիալական տարբեր խնդիրներ:

Ընդունելությանը ներկա են եղել Ֆրանսիայում պաշտոնավարող տարբեր երկրների կին դեսպաններ, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, ով սոցիալական հարթակներում կիսվել է հանդիպման լուսանկարներով և շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար։

Այս փաստին է անդրադարձել ֆրանսահայ հանրային գործիչ, փաստաբան Ֆրանսուա Դեւեջյանը` ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, հանգուցյալ Պատրիկ Դևեջյանի որդին, ով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) անդամ է, ակտիվորեն զբաղվում է հայկական շահերի պաշտպանությամբ, մասնավորապես Բաքվում գտնվող գերիների հարցերով, տարբեր մեդիահարթակներում մշտապես բարձրաձայնում է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները: Նա X (նախկին Twitter) հարթակի իր էջում խիստ քննադատական գրառում է կատարել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնի հասցեին։
Նա գրել է. «Կանացիությունը, ցավոք, հակաթույն չէ բռնապետության, կոռուպցիայի և Ֆրանսիայի դեմ հարձակումների համար։ Տիկին Մակրոնը պետք է մի փոքր ավելի ուշադիր լինի իր շփումների (շրջապատի) հարցում։ Լեյլա Աբդուլաևան Ալիևի բռնապետության դեսպանն է…»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *