75 տարեկանում վախճանվել է գրող, կինոգետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը, հայտնում է Կինոգործիչների միությունը։
«Մենք սիրով նախապատրաստել էինք ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ երեկոն, որ պետք է լիներ օրերս և պետք է անցներ ԲԱՌ, ԿԱԴՐ ԳՈՒՅՆ խորագրով․ այն, ինչ ամենաշատն էր ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆԸ։ Նա, իրոք բառի, կադրի և գույնի մարդ էր»,- նշված է միության ֆեյսբուքյան էջում։
Դավիթ Մուրադյանը ծնվել է Էդուարդ Մուրադյանի և բալետի դերասանուհի Հայկանուշ Ասատրյան որդին է։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Աշխատել է Հանրային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, երկար տարիներ Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։
Ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ է։
Նրա պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում։
2003 թվականին «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։
Դավիթ Մուրադյանի գործերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։