Հայոց ցեղասպանությունը մնում է XX-րդ դարի ամենաողբերգական վայրագություններից մեկը, որի կազմակերպիչը, համակարգողն ու պատասխանատուն Թուրքիա պետությունն է. ասված է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամը հայտարարությունում։
«Զանգվածային սպանությունները, հարկադիր տեղահանությունները և մի ամբողջ ժողովրդի մշակութային և ֆիզիկական գոյության ոչնչացումը պահանջում են դատապարտում և փոխհատուցում։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու շարունակական մերժումն ու պատմության վերանայման ձախողված փորձերը հավերժացնում են մարդկության դեմ այս հանցագործության ժառանգությունը մինչև օրս։ Հայատյաց այս ժխտումը պատմական վեճի հարց չէ, այլ շարունակական ձախողում, որը խոչընդոտում է հայ և թուրք ժողովուրդների փոխըմբռնմանը, երկխոսությանը, հնարավոր հաշտեցմանը և խաթարում վստահությունը։ Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա կենտրոնական հարց Հայաստանի և Թուրքիայի, հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության օրակարգում, քանի որ միջհասարակական և միջպետական իրական կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց պատմության ամենացավոտ էջի ճանաչման, դատապարտման և հանցագործությունը չկրկնելու անվտանգային հստակ երաշխիքների ձևավորման։
Ցեղասպանության և եղելության ժխտման՝ արդեն 111 տարի ձգվող ստվերն արտացոլվում է նաև վերջին տարիների իրադարձություններում, ինչպիսին է Արցախի կորուստն ու հայաթափումը։ Անցյալի և ներկայի միջև զուգահեռները պահանջում են ոչ միայն պատմական հանցագործությունների անհապաղ և անվերապահ ճանաչում, այլև դրանց ժամանակակից հետևանքների հաղթահարման գործնական քայլեր։
Պահանջատիրությունը լոկ նշանաբան չէ, ոչ էլ հարգանքի դրսևորման քայլ սեփական պատմության ու նախնիների հանդեպ․ այլ` ժամանակակից աշխարհում ազգի պատմության ողբերգական իրադարձությունների կրկնությունը թույլ չտալու նախապայման, պետությունների միջև քաղաքակիրթ երկխոսության, հնարավոր հաշտեցման և զարգացման նախապայման։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման աշխարհագրությունը պետք է ընդլայնվի, բայց հաջողության գրավականը ուժեղ, անվտանգ, տնտեսապես և տեխնոլոգիապես հզոր, սոցիալապես արդար, առողջ ու առաջադեմ երիտասարդությամբ Հայաստան պետության կայացումն է»,- նշված է հայտարարությունում։