։
Թուրքական «Yeni Şafak» թերթի լրագրող Իբրահիմ Կարագյուլը գրում է.
Ադրբեջանա-թուրքական հարաբերություններում առաջին անգամ է նման լարվածություն նկատվում։ Եթե խաղաղ կարգավորում չլինի, խորը պառակտում կառաջանա, որը երկու երկրների համար էլ ինքնասպանություն կլինի։
Լարվածության էությունը վաղուց դուրս է եկել փոխադարձ թյուրիմացությունների շրջանակից։ Եթե խնդիրը միայն դա լիներ, այն հեշտությամբ կարելի էր լուծել։ Սակայն այս լարվածությունն ունի երկու երկրներից դուրս գտնվող կողմեր։ Իրավիճակի բնույթից դատելով՝ այստեղ գործ ունենք լավ ծրագրված գործողության հետ։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի զարգացման ծրագիր կա, և փորձ է արվում խզել Թուրքիայի ու Կենտրոնական Ասիայի հարաբերությունները։
Ամեն ինչ սկսվեց Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայի պաշտպանական դաշինքի ստեղծմամբ։ Սաուդյան Արաբիային Թուրքիայի անսասան աջակցությունը փոխեց ուժերի հավասարակշռությունը ողջ տարածաշրջանում։
Այժմ Սաուդյան Արաբիայի նկատմամբ դրսևորվում է այնպիսի համերաշխություն, ինչպիսին կար Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի գործընկերության դեպքում՝ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։
Սակայն, չգիտես ինչու, այս դաշինքը խռովություններ առաջացրեց ամենուր՝ Արևելյան Աֆրիկայից և Կարմիր ծովից մինչև Կովկաս։ Թուրքիայի համար տհաճ զարգացում էր այն, որ տարածաշրջանի պետություններից մեկի հետագա մասնատումը կանխելուն ուղղված նախաձեռնությունն ի վերջո հանգեցրեց Ադրբեջանում նման հետևանքների։
Հատկանշական է, որ այս լարվածությունը համընկնում է թուրք-իսրայելական ճգնաժամի գագաթնակետին։ Դեռ երեկ Նեթանյահուն խոսում էր «Թուրքիայի հետ պատերազմի» մասին և հայտարարում. «Քանի դեռ Էրդողանի վարչակազմը իշխանության է, Թուրքիայի հետ լավ հարաբերությունների վերականգնման մասին խոսք լինել չի կարող»։ Իսրայելը հույն կիպրոսցիների և Հունաստանի հետ միասին Թուրքիայի դեմ ճակատ է ձևավորել։ Նրանք սպառնում են Թուրքիային Արևելյան Միջերկրական ծովի և Էգեյան ծովի կողմից։ Նրանք բացահայտ հայտարարում են, որ պատրաստվում են պատերազմի Թուրքիայի դեմ։
Միևնույն ժամանակ մենք ականատես ենք դարձել Թուրքիայի դեմ նոր «ճակատ» ստեղծելու Իսրայելի փորձերին։ Արդեն հայտնի է, որ այն ծրագրում է պառակտում առաջացնել Թուրքիայի և թյուրքական հանրապետությունների միջև։ Սա Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա լարվածության միակ պատճառն է։ Սա Թուրքիայի՝ հարավից և արևմուտքից շրջափակմանը արևելքից շրջափակում ավելացնելու փորձ է։ Սա առանց Թուրքիայի «թյուրքական աշխարհի» ստեղծման ծրագիր է։ Եվ սա զուտ իսրայելական դավադրություն է։
Երկրներն անկախ են։ Ոչ ոք չի կարող վիճարկել նրանց ընտրությունը։ Մենք չենք կարող վիճարկել նաև Ադրբեջանի ընտրությունը։ Սակայն յուրաքանչյուր երկիր մտածում է այն մասին, թե ինչի կարող է բախվել որոշումներ կայացնելու հաջորդ փուլերում։
Անձամբ ես դեռ Ղարաբաղյան պատերազմից առաջ հոդվածներ էի գրում Ադրբեջանի և Ալիևի մասին։ Ես գրում էի Ադրբեջանի աշխարհաքաղաքական հզորության, այն մասին, թե ինչպես այն կարող է ամրապնդվել, ինչպես նաև Ղարաբաղյան խնդրի լուծման հրատապ անհրաժեշտության մասին։
Իմ նպատակն այն էր, որ այդ հզորության աճն օգտագործվեր Թուրքիայի և թյուրքական աշխարհի մերձեցման ու ամրապնդման համար։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ այդ ուժը կարող է օգտագործվել Թուրքիայի դեմ։
Բոլորը պետք է հասկանան, որ Իսրայելը, որի նախագահը մեկ այլ երկրի ուղևորատար ինքնաթիռով գաղտնի մեկնել էր Ադրբեջան, իրավասու չէ երաշխավորելու այդ երկրների անվտանգությունը։ Հուսով ենք, որ իրավիճակը կհանդարտվի։ Հակառակ դեպքում կհետևեն երկրորդ և երրորդ քայլերը, որոնք կհանգեցնեն շատ ավելի լուրջ տարաձայնությունների։
Պետք է հասկանալ, որ Թուրքիան աշխարհագրական պատասխանատվություն է կրում, որը չի կարող սահմանափակվել Ադրբեջանի արտաքին և անվտանգության քաղաքականության նեղ շրջանակներով։ Սխալ կլինի այս լարվածությունը դիտարկել որպես սովորական առօրյա թյուրիմացություն։ Նախատեսվում է ավելի լայնածավալ կառուցվածքային պառակտում։ Միանգամայն պարզ է նաև, թե ով է կանգնած այս դավադրության հետևում։ Սակայն եթե Ադրբեջանն իր համար այլ ուղի է ընտրել, պետք է հասկանալ, որ Թուրքիան նույնպես նախազգուշական միջոցներ կձեռնարկի։
Այսպիսով, եթե վաղը Արևելյան Միջերկրական ծովում թուրք-իսրայելական պատերազմ սկսվի, կամ Էգեյան ծովում՝ թուրք-հունական պատերազմ, արդյոք արևելքից նոր սպառնալիք չի՞ առաջանա։ Արդյոք մենք չպե՞տք է հաշվի առնենք նաև այս գործոնը։
Առաջին հերթին, եթե ճանապարհ է բացվում Ադրբեջանը նոր Ուկրաինայի վերածելու համար, այդ ճանապարհը պետք է անհապաղ փակել։ Որովհետև եթե Կովկասը քաոսի մեջ ընկղմվի, ոչ ոք չի կարողանա շտկել իրավիճակը։