Տեղական ձայները՝ որպես գլոբալ փոփոխությունների շարժիչ ուժ․ COP17-ի Կանաչ գոտում կայացավ ՀՀ համայնքների ներկայացուցիչների սեսիան

Տեղական ձայները՝ որպես գլոբալ փոփոխությունների շարժիչ ուժ․ COP17-ի Կանաչ գոտում կայացավ ՀՀ համայնքների ներկայացուցիչների սեսիան

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կանաչ գոտին հոկտեմբերի 21-ին Հայաստանի բնակավայրերի էկոլոգիական խնդիրները միջազգային մակարդակով հնչեցնելու հարթակ դարձավ։ Կայացավ «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» սեսիան, որը նախաձեռնել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ «Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության աջակցությամբ։

Միջազգային ու ազգային կառույցներին ուղղված զեկույցներով հանդես եկան 7 ազդակիր համայնքների ՏԻՄ, քաղաքացիական հասարակության, բիզնես ներկայացուցիչներ՝ ներկայացնելով կենսաբազմազանության պահպանման իրենց փորձը, շրջակա միջավայրի վրա տնտեսական գործունեության ազդեցությունը, էկոհամակարգերի պահպանման և  որոշումների կայացման հարցերում տեղական համայնքների դերը։

Սևան, Դիլիջան, Ջերմուկ, Եղեգնաձոր, Արմաշ, Դեբետ և Դսեղ բնակավայրերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց համայնքներում կենսաբազմազանության պահպանման փորձը, առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ։ Խոսնակներն անդրադարձան կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման, անտառի պահպանման և կայուն օգտագործման, էկոտուրիզմի զարգացման, կենսաբազմազանության վրա տնտեսական գործունության ազդեցության, թափոնների կառավարման, տեղի մշակութային ժառանգության հենքի վրա եկամուտի աղբյուրների ստեղծման հարցերին և հնարավորություններին։

CBD COP 17-ի շրջանակներում կայացած այս միջոցառումը բացառիկ էր նրանով, որ գլոբալ էկոլոգիական քաղաքականության կիզակետում դրեց հենց համայնքը՝ այն մարդկանց, ովքեր անմիջապես ապրում են բնության հետ և առաջինն են կրում կլիմայական ճգնաժամի, հանքարդյունաբերության կամ ապօրինի ռեսուրսօգտագործման ծանր հետևանքները։

Այս հարթակը ցույց տվեց, որ Հայաստանի համայնքներն այլևս չեն սահմանափակվում պասիվ դիտորդի կամ տուժողի կարգավիճակով։ Սևանից մինչև Դսեղ, Ջերմուկից մինչև Արմաշ՝ տեղական դերակատարներն առաջարկում են գիտահեն և տնտեսապես հիմնավորված լուծումներ՝ խրախուսելով կանաչ ներդրումները, վերականգնվող էներգիան, համայնքային էկոտուրիզմն ու անտառպահպանությունը։

Սպասվում է, որ COP 17-ի բարձրաստիճան բանակցություններում այս միջոցառման արդյունքները կդառնան կարևոր ուղենիշ՝ ապացուցելով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ամենակարևոր թեզերից մեկը. իրական և երկարաժամկետ կենսաբազմազանության պահպանությունը սկսվում է հենց տեղական համայնքից և նրա բարեկեցության ապահովումից։

Հոկտեմբեր 21, 2026 at 22:13

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *