Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները։
«Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի պատասխանը՝ մեր՝ 2026 թվականի օգոստոսի 7-ի նամակին, որով խոր մտահոգություն էինք հայտնել հայ համայնքի դեմ իրականացված հարձակումների առնչությամբ և կոչ էինք արել անհրաժեշտ ու արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ համայնքի անդամների և հաստատությունների պաշտպանությունն ապահովելու համար։
2026 թվականի սեպտեմբերի 16-ի իր նամակում նախագահ Հերցոգն անդրադարձել է այս միջադեպերի լրջությանը և հայտնել իր հանձնառությունը՝ կանխելու նման արարքների կրկնությունը։ Նա նաև վերահաստատել է հայ համայնքի կարևորությունը, որը սերունդներ շարունակ Երուսաղեմի արժեքավոր մաս է կազմել»,– նշել են Հայ Դատից։
Հրապարակման մեջ մեջբերում է կատարվել նաև Իսրայելի նախագահի պատասխան նամակից․
«Ցանկանում եմ ընդգծել, որ կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ օգտագործելով իմ տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի կանխեմ նման միջադեպերի կրկնությունը։ Համոզված եմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում Իսրայելի իրական դեմքը, և նրանց արարքները չեն արտացոլում մեր արժեքները կամ հայ համայնքի հանդեպ մեր հանձնառությունը։ Հայ համայնքը հնագույն և սիրելի համայնք է, որը սերունդներ շարունակ եղել է Երուսաղեմում լավ և հարգված հարևան, և որի հետ Հին քաղաքի հրեական համայնքը սերտ կապեր ունի»։
Երուսաղեմի Հայ Դատի հանձնախումբը երախտագիտություն է հայտնել նախագահ Իսահակ Հերցոգին՝ պատասխանի և այս հարցը լուծելու ուղղությամբ ստանձնած հանձնառության համար։
«Հույս ունենք, որ նրա խոսքերը կհանգեցնեն շոշափելի և արդյունավետ քայլերի՝ Երուսաղեմի հայ համայնքի անվտանգությունը, արժանապատվությունն ու իրավունքները պաշտպանելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ։