Եվրամիությունում կրկին քննարկում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցող նշանակելու գաղափարը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ քննարկումները ակտիվացել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ Նա Պուտինին առաջարկել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել։
Այս ֆոնին եվրոպական երկրներում մտահոգություն կա, որ Վաշինգտոնը կարող է առանց իրենց մասնակցության բանակցությունների ընթացքում համաձայնել այնպիսի պայմանների, որոնք ձեռնտու չեն լինի Կիևին։
Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ որպես հնարավոր թեկնածուներ քննարկվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Միևնույն ժամանակ, եվրոպացի որոշ դիվանագետներ կարծում են, որ այդ դերը կարող է ստանձնել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նրա օգտին են խոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լավ հարաբերությունները և Ռուսաստանի հետ հարաբերություններում Ֆինլանդիայի փորձը։
ԵՄ անանուն դիվանագետներից մեկը Ստուբին անվանել է եվրոպացի միակ քաղաքական գործիչը, որն այս պահին բարձր մակարդակի առաջնորդություն է ցուցաբերել։ Մինչդեռ դիվանագետների մի մասն առավել նպատակահարմար է համարում բանակցությունները վստահել Կոշտային։