Ռուս «հումանիստները» բանակցություններից անմիջապես հետո ցուցադրական հարձակում են սկսել Ուկրաինայի վրա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է այս գիշեր Կիևին հասցված ՌԴ բանակի հարվածները․ գրում է meduza.io-ն։

«Երեկոյից ի վեր ռուս «հումանիստները» բալիստիկ հարվածների 3 ալիք են ուղղել Կիևի ուղղությամբ։ Կիրառել են 21 հրթիռ։ Ցավոք, քաղաքում կան զգալի ավերածություններ», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Զելենսկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս հարվածը հասցվել է «փաստացի հերթական բանակցություններից անմիջապես հետո», և կարծիք է հայտնել, որ դա ցույց է տալիս տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքում «իրական փոփոխությունների» բացակայությունը։

Նա դաշնակիցներին կոչ է արել արագացնել ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) միջոցների մատակարարումն Ուկրաինային և ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ։

Ռուսաստանցի զինվորականները հոկտեմբերի 22-ի գիշերն ԱԹՍ-ներով և բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի զինված ուժերն, իրենց հերթին, անօդաչուներով գրոհել են Ռուսաստանի մի քանի շրջան, այդ թվում՝ Մոսկվան և Մերձմոսկվան։ Նոր Մոսկվայի տարածքում տուժել է 2 մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *