

«Holiday Inn» հյուրանոցում կայացավ «Պահպանել բնությունը և պաշտպանել բնապահպաններին. քննարկում մարտահրավերների մասին» խորագրով հանրային քննարկում, որն անցկացվում էր Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) շրջանակում, կազմակերպվել էր «Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի, «Մարդու իրավունքների տուն Երևանի» (ՄԻՏ) և Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտի համատեղ ջանքերով:
Միջոցառման բանախոսներն էին՝ Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը, բնապահպան և իրավաբան Նազելի Վարդանյանը, ինչպես նաև ՄԻՏ ծրագրերի համակարգող Նվարդ Մարգարյանը: Քննարկումը վարում էր բնապահպան Աննա Շահնազարյանը:
Օրհուսի կոնվենցիան՝ որպես վահան
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստը ներկայացրեց իրավապաշտպանների պաշտպանության միջազգային լծակները։ Նա հիշեցրեց, որ իր մանդատը հիմնված է Օրհուսի կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որն իրավականորեն պարտադիր ուժ ունի և հստակ արգելում է պետություններին՝ պատժել կամ հետապնդել բնապահպանական իրավունքներն իրականացնող անձանց: Հայաստանը կոնվենցիային միացել է 2001 թվականին՝ ստանձնելով ուղիղ պարտավորություններ:
«Բնապահպաններն ակտիվիստների առանձին կատեգորիա չեն: Նրանք կարող են լինել գյուղացիներ, իրավաբաններ, լրագրողներ կամ ցանկացած անձ, ով տեղեկատվություն է պահանջում կամ մասնակցում որոշումների կայացմանը բնապահպանական հարցերով»,- նշեց Ֆորստը: Նա ընդգծեց իր գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ բողոքներին արագ արձագանքում, իրազեկման բարձրացման միջոցով աջակցություն և կանխարգելում, ինչը ենթադրում է ակտիվ աշխատանք կառավարությունների, դատախազների և ոստիկանության հետ՝ տեղական մակարդակում պաշտպանական մեխանիզմներ ստեղծելու նպատակով:
Ըստ հատուկ զեկուցողի՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում լայնորեն կիրառվում են վարկաբեկման արշավներ, անհիմն քրեական վարույթներ և հատկապես SLAPP (հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական) հայցեր: «Վնասը շատ ավելի լայն է, քան միայն թիրախավորված անձին հասցվածը: Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել, համայնքները լռում են, իսկ որոշումներն ընդունվում են հանրային ավելի թույլ վերահսկողության պայմաններում»,- նշեց Ֆորստը:
Հայաստանյան համատեքստը. չկատարված պարտավորություններ և ճնշումներ ակտիվիստների վրա
Անդրադառնալով տեղական մարտահրավերներին՝ ՄԱԿ-ի զեկուցողը նշեց, որ արդեն իսկ բողոքներ է ստացել Հայաստանից և երկխոսության մեջ է եղել կառավարության հետ:
Բնապահպան, փաստաբան Նազելի Վարդանյանն իր ելույթում բարձրաձայնեց Հայաստանում բնապահպանների ու տեղական համայնքների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Նրա խոսքով՝ Հայաստանը վավերացնում է միջազգային կոնվենցիաներ, սակայն հաճախ չի կատարում ստանձնած պարտավորությունները: Որպես օրինակ նա հիշատակեց Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ, ըստ նրա, կառավարությունն անտեսել է Բեռնի կոնվենցիայի քարտուղարության որոշումը՝ անհապաղ դադարեցնել հանքի գործունեությունը: Վարդանյանն ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը չի կարող համատեղվել առողջարանային Ջերմուկի հետ:
«Ջերմուկցիների իրավունքները ոտնահարվում են շուրջ 20 տարի… Բողոքի առաջին խոշոր ալիքը սկսվել է դեռևս 2012 թվականին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ հարուցվել են բազմաթիվ վարչական և քրեական գործեր:
Վարդանյանը նաև խոսեց ակտիվիստների դեմ զրպարտության հիմքով քաղաքացիական հայցերի կիրառման մասին՝ նշելով, որ միայն իր դեմ առկա է 3 նման դատական գործ: Նա հիշատակեց բնապահպան Թեհմինե Ենոքյանի դեպքը և մանրամասնեց իր նկատմամբ իրականացված հետապնդման մի դեպք, որը տեղի է ունեցել Ամուլսարի տարածքում էկոլրագրության դասընթացի շրջանակում կազմակերպված մեդիատուրի ժամանակ:
«Լռեցնելու փորձ»
Հանդիպման ընթացքում քննարկվեց ճնշումների ևս մեկ ծայրահեղ դրսևորում, որն ուղղված է բնապահպաններին ֆինանսապես հյուծելուն։ «Մարդու իրավունքների տուն Երևանի» համակարգող Նվարդ Մարգարյանն ահազանգեց ակտիվիստների դեմ գործադրվող մեթոդների մասին։
«Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս նրանց լռեցնելու փորձ է»,- շեշտեց Մարգարյանը՝ մատնանշելով, որ տնտեսական և սոցիալական ճնշումները SLAPP հայցերի հետ մեկտեղ դառնում են իրավապաշտպաններին մեկուսացնելու և պայքարը դադարեցնելու հիմնական գործիք։
Քննարկման ամբողջական տեսանյութը՝ Factor TV-ի յութուբյան ալիքում
Հոկտեմբեր 22, 2026 at 17:11