

Բնապահպանական գլոբալ մարտահրավերների ֆոնին տեղական համայնքների դերն արժևորելու նպատակով հոկտեմբերի 21-ին Երևանում կազմակերպվեց «Համայնքները կենսաբազմազանության պահպանողներ և կայուն օգտագործողներ» պաշտոնական սեսիան։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP 17) Կանաչ գոտում անցկացվող միջոցառումը նախաձեռնել էր «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Ֆրիտյոֆ Նանսեն» ինստիտուտի և Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության և « գործընկերությամբ։
Հանդիպմանը Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը ներկայացրեց անտառային էկոհամակարգերի պահպանության և համայնքի բարեկեցության փոխկապակցված կենսական խնդիրները։
Դեբետը բարձր լեռնային բնակավայր է՝ շրջապատված անտառաներով։ Անուշ Սարգսյանի ներկայացմամբ՝ բնակավայրի շրջակա անտառները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանության, այլև տեղի բնակչության կենսապահովման, բարեկեցության և տնտեսական հնարավորությունների ընդլայնման համար։
Անտառային էկոհամակարգերը բազմաթիվ բույսերի ու կենդանիների կենսամիջավայր են, կարգավորում են ջրային հոսքերը, նպաստում հողի պահպանությանը և մեղմում կլիմայական ազդեցությունները։ Դրանք նաև հնարավորություններ են ստեղծում էկոտուրիզմի, բնապահպանական կրթության, տեղական արտադրության և կանաչ աշխատատեղերի ստեղծման համար։
Դեբետի համար անտառն ունի նաև սոցիալական կարևորություն․ բնակիչներն ավանդաբար օգտվել են վառելափայտից՝ ձմռանը տները ջեռուցելու, ինչպես նաև` անտառային հատապտուղներ և մրգեր հավաքելու համար։
«Դեբետ բնակավայրի փորձը ցույց է տալիս, որ անտառային էկոհամակարգերի պաշտպանությունը պետք է զուգակցվի բնակարանների էներգաարդյունավետության բարձրացմամբ, ջեռուցման մատչելի այլընտրանքների ստեղծմամբ և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համայնքային գործողություններով»,- ասաց Անուշ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Դեբետի և հարակից անտառամերձ բնակավայրերի համար խնդիր է անտառային ռեսուրսների պահպանության և բնակիչների կենսական կարիքների միջև հավասարակշռության ապահովումը։
Շատ ընտանիքների համար վառելափայտը շարունակում է մնալ ձմռանը տունը տաքացնելու հիմնական, իսկ որոշ դեպքերում՝ միակ հասանելի միջոցը։ Միևնույն ժամանակ, գյուղական տների զգալի մասը էներգաարդյունավետության բարձրացման և ջերմամեկուսացման կարիք ունի։ Արդյունքում՝ տների ջեռուցման համար ավելի շատ վառելափայտ է պահանջվում։
Ըստ Անուշ Սարգսյանի՝ էլեկտրաէներգիայի և գազի համեմատաբար բարձր սակագները ևս սահմանափակում են ջեռուցման նպատակով դրանցից օգտվելու հնարավորությունները։ Այս պայմաններում անտառների պահպանության քաղաքականությունը չի կարող սահմանափակվել միայն անտառային ռեսուրսների օգտագործման կարգավորմամբ։ «Մենք չենք կարող պահանջել մարդկանցից հրաժարվել փայտից, եթե նրանց չենք առաջարկում հասանելի այլընտրանք»,– այս միտքն է արտահայտում ելույթի հիմնական ուղերձը։
Կլիմայի փոփոխությունն ավելացնում է անտառային էկոհամակարգերի և բնակավայրի խոցելիությունը
Դեբետի բնակիչների դիտարկմամբ՝ վերջին տարիներին բնակավայրում ավելի հաճախ են բախվում կլիմայի փոփոխությոան հետ կապված խնդիրների։
Անկանխատեսելի և ինտենսիվ տեղումները հանգեցնում են հեղեղումների, հողի էրոզիայի և սելավային երևույթների։ Անտառներում տապալված ու վնասված ծառերը որոշ դեպքերում խոչընդոտում են ջրահոսքերին՝ մեծացնելով բնակավայրի համար առաջացող վտանգները։
Ջերմաստիճանի փոփոխությունները, երաշտային ժամանակաշրջանների երկարացումը և վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության աճը լրացուցիչ ճնշում են գործադրում անտառային էկոհամակարգերի վրա։
Այս խնդիրները պահանջում են ոչ միայն անտառների պահպանության, այլև դրանց վերականգնման, կլիմայական փոփոխություններին հարմարվողականության և համայնքի դիմակայունության բարձրացման ուղղությամբ համակարգված քայլեր։
Անուշ Սարգսյանի ներկայացմամբ՝ Դեբետում վերջին տարիներին իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրեր։ Այնուամենայնիվ, բնակիչների տնային պայմանների և էներգաարդյունավետության բարելավման հարցը շարունակում է արդիական մնալ։
Որպես հնարավոր լուծումներ՝ Անուշ Սարգսյանը կարևորեց բնակարանների ջերմամեկուսացումը, էներգաարդյունավետության բարձրացումը, արևային և վերականգնվող էներգիայի այլ լուծումների հասանելիության ընդլայնումը, ինչպես նաև ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրումը։
«Նման քայլերը կարող են միաժամանակ նվազեցնել տնային տնտեսությունների ջեռուցման ծախսերը և թեթևացնել անտառային ռեսուրսների վրա գործադրվող ճնշումը»,- ասաց Անուշ Սարգսյանը։
Ազնվացեղ եղջերուի վերադարձը՝ կենսաբազմազանության պահպանության օրինակ
Խոսելով դրական ձեռքբերումների մասին՝ Դեբետի վարչական ղեկավարը ներկայացրեց ազնվացեղ եղջերուի վերականգնման հաջողված ծրագիրը։ Վերջին տարիներին ծրագրի շրջանակում տարածաշրջանի անտառներում բաց թողնված եղջերուների պահպանության գործում ակտիվ մասնակցություն ունի համայնքը։ Անուշ Սարգսյանի խոսքով՝ Դեբետի բնակիչները հետևում են կենդանիների անվտանգությանը, անհրաժեշտության դեպքում ահազանգում մասնագետներին և աջակցում վնասված կամ դժվար իրավիճակում հայտնված կենդանիներին։ Խոսնակը նշեց նաև, որ տարածաշրջանում որսորդական ճնշման բացակայությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում վայրի կենդանիների համար։
«Բնապահպանական ծրագրերի արդյունավետությունը կախված է ոչ միայն իրականացվող միջոցառումներից, այլև տեղական բնակչության իրազեկվածությունից, պատասխանատու վերաբերմունքից և մասնագետների հետ համագործակցությունից»,- ասաց Անուշ Սարգսյանը։
Անտառի պահպանումը՝ կայուն զարգացման պայման
Դեբետի օրինակը բարձրացնում է անտառամերձ բնակավայրերի համար կարևոր հարց՝ ինչպե՞ս պահպանել բնական էկոհամակարգերը՝ միաժամանակ ապահովելով մարդկանց կենսական կարիքները։
Անտառների պահպանության երկարաժամկետ արդյունքների համար անհրաժեշտ է համատեղել մի քանի ուղղություն․
- բարձրացնել բնակիչների բնապահպանական իրազեկվածությունը
- բարելավել տների էներգաարդյունավետությունը
- զարգացնել մատչելի այլընտրանքային ջեռուցման հնարավորությունները։
«Անտառը միայն մեր այսօրվա կենսապահովման միջոցը չէ, այն մեր երեխաների ապագան է»,- եզրափակեց Դեբետի ներկայացուցիչը։
Հոկտեմբեր 22, 2026 at 17:40