Մոսկվան հույս ունի, որ ՀՀ ղեկավարությունը ճիշտ կգիտակցի ԵՄ–ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ կգիտակցի Եվրամիության հետ մերձեցման բոլոր ռիսկերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն՝ լրագրողների հետ զրույցում, Վերոնեժի XIX Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։

«Մենք տեսնում ենք, թե ճնշման ինչ մեթոդների են նրանք ենթարկում այն երկրներին, որոնք հայտարարում են, որ պատրաստվում են անդամակցել ԵՄ-ին կամ դառնում են անդամակցության թեկնածուներ։ Նրանցից պահանջում են հրաժարվել ինքնուրույն գործելու հնարավորությունից, ընդ որում՝ նույնիսկ ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելուց առաջ, որպես պարտադիր պայման, պահանջում են միանալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը, անվտանգության քաղաքականությանը և միանալ իրենց՝ ԵՄ-ի, բոլոր հայտարարություններին։ Այդ հայտարարությունների 80%-ը վերաբերում է Ռուսաստանին։ Ուստի պարզապես անհնար է չտեսնել ռիսկերը», – նշել է Գրուշկոն։

«Այո՛, մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց ելնում ենք այն հանգամանքից, որ պետությունների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը գոյություն չունի մեկուսացված միջավայրում։ Այնտեղ կան պատմական երկկողմ կապեր, շատ պետություններ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամներ են։ Գոյություն ունեն հսկայական թվով նախագծեր, որոնք կապում են այդ պետություններին», – շարունակել է բարձրաստիճան դիվանագետը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ «որքան քիչ լինի տարածաշրջանին չպատկանող երկրների ազդեցությունը, այնքան իրավիճակն ավելի կայուն կլինի»։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և, «ինչպես դարեր շարունակ արել են, կլուծեն առաջացած բոլոր խնդիրները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *