Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի իր բնակարանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ դաշնակահար, մանկավարժ, հասարակական գործիչ և հայ երաժշտության նվիրյալ Շահան Արծրունին։ Ինչպես հաղորդում է Ստամբուլի ԺԱՄԱՆԱԿ-ը, նրա անշունչ մարմինը հայտնաբերվել է բնակարանում, մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։
Իր ձայնագրություններով ու կատարումներով Շահան Արծրունին մասնակցել է ամերիկյան հեռուստատեսության PBS կայանի «Around the World in 82», «Gala of Stars» և «A Place of Dreams: Carnegie Hall at 100» նշանավոր հաղորդումներին, ձայնագրվել է եվրոպական ռադիոներում, նրա կատարումներն ընդգրկված են BBC-ի երաժշտական ֆոնդում։ Համերգներ է ունեցել նշանավոր բեմերում, նվագել է Սպիտակ տանը, Անգլիայի, Դանիայի, Շվեդիայի և Իսլանդիայի թագավորական պալատներում։ Դասախոսել է Հարվարդի, Կոլումբիայի և Միչիգանի համալսարաններում, իսկ հայկական շարականների մասին դասախոսությամբ հանդես է եկել Կոնգրեսի գրադարանում։ 1996 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն Շահան Արծրունուն պարգևատրել է «Ս. Սահակ» և «Ս. Մեսրոպ» բարձրագույն շքանշանով։
2015 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։