ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանն անդրադարձել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության տարածած հայտարարությանը՝ ընդգծելով մի քանի հանգամանք.
«նախ, ԱԺ պատգամավորին հորդորներ հղելուց առաջ առավել ճիշտ կլիներ խորությամբ ըմբռնել տեսանյութի ուղերձը և հիմնական ասելիքը, որը կարծես ձևախեղվել է, քանի որ Ծառայությունը որոշել է, չգիտես ինչու, պաշտպանվել հիմնական փաստարկներից,
բացի այդ, տեսանյութը միտված չի եղել, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Դատական դեպարտամենտի գրությունները միմյանց հակադրելուն, դա արել է Քրեակատարողական ծառայությունն իր տարածած հայտարարությամբ։
Ինչ վերաբերում է Ծառայության այն փաստարկին, որ բանավոր պարզաբանում է ստացել Դատական դեպարտամենտից, առնվազն անհասկանալի է, թե այդ ինչ ձևաչափով է բանավոր տեղեկատվությունը ստացել, կամ որ կոմպետենտ անձից, այն մասին, որ տրամադրված տվյալները վերաբերում են միայն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտերին, ապա հարկ է նշել, որ Դեպարտամենտի գրությամբ հստակ նշված է, որ խոսքը վերաբերում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, իսկ ինձ հայտնի չէ գրեթե մի դեպք, որ բարենպաստ դատական ակտը դատախազության կողմից չբողոքարկվի։ Թերևս բացառություն կարող են կազմել միայն այն որոշումները, որոնց դեմ դատախազությունը չի առարկել ի սկզբանե, իսկ դրանք վստահաբար աննշան թիվ են կազմում:
Բացի այդ, ԱԺ ամբիոնից հայտարարված թվերից հետո ոչ մի պարզաբանում չի մտցվել, թե որ թվականին մուտքագրված միջնորդություններին է խոսքը վերաբերում։
Ինչ վերաբերում է Ծառայության լրացուցիչ տեղեկատվությանը, թե 2026թ. հոկտեմբերի 20-ի դրությամբ 196 անձ պատժից վաղաժամկետ ազատվել է, ապա այստեղ ևս իրավաչափ հարց է առաջանում, իսկ այդ դատական ակտերից քանի՞սն են մնալու օրինական ուժի մեջ և քանի՞ դատապարտյալ է ի վերջո վայելելու իր ազատությունը։
Պայմանական վաղաժամկետ ազատված անձանց պարզ թվաքանակ ներկայացնելն այլ բան է, իսկ դրանք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված մնալը մեկ այլ բան։ Հանրաճանաչ փաստ է, որ շատ դատական ակտեր վերադաս ատյանի կողմից բեկանվում են:
Ուղղակի թվեր հրապարակելը բոլորովին չի հաստատում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետությունը։
«ԱԺ ամբիոնից հրապարակված թվերը չեն համապատասխանում իրականությանը» պնդումը հենց հաստատվում է Դատական դեպարտամենտի կողմից տրամադրված գրությամբ, որում երևում է վաղաժամկետ ազատված անձանց ռեալ պատկերը, այն է՝ իրականում վերջնական ակտով ազատվել է ոչ թե 178, այլ՝ 114 անձ։
Քավ լիցի, ԱՆ քրեակատարողական ծառայության և Դատական դեպարտամենտի տրված գրությունների վերաբերյալ պարզաբանումների և արդարացումների կարիք չկա: Այդ գրություններից պարզ է դառնում մեկ ճշմարտություն. այդ բոլոր միջնորդություններից, որոնք քննարկվել են, բավարարվել ու ուժի մեջ է մնացել միայն 114-ը: Այս ամենից ելնելով՝ մի պարզ հետևություն կարող ենք անել. Ձեր պատժից վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի արդարացնում իրեն և համաներման մասին օրենք ընդունելու օրակարգ պետք է լինի»: