Առաջիկա օրերին կարգելվեն անօրինական բողոքի ցույցերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» բողոքի ցույցերն արգելվելու են, իսկ արհմիությունների նման կազմակերպված խմբերի երթերի համար կառաջարկվեն այլընտրանքային երթուղիներ՝ բիզնեսը պաշտպանելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ընդհանուր հանձնարարականն այն է, որ առաջիկա օրերին ցույցեր չպետք է անցկացվեն։ Նրանց, ովքեր ցանկանում են շարունակել ցույցերը, եթե դրանք կազմակերպվում են արհմիությունների կողմից, պրեֆեկտները կառաջարկեն այլընտրանքային երթուղիներ։ Իսկ եթե դրանք արհմիությունների կողմից չեն կազմակերպվում, ապա, հնարավորության դեպքում, մենք կարգելենք ցույցերը, որպեսզի պահպանվի անդորրը, և մենք կարողանանք պաշտպանել խանութներն ու հասարակական շենքերը», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Մակրոնը հանդիպում էր ունեցել հետախուզական ծառայությունների ղեկավարների և նախարարների հետ։ Քննարկվել էր երկրում ստեղծված ճգնաժամը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին երկրի տարբեր շրջաններում տեղի ունեցած անկարգությունների և թալանի հետևում ծայրահեղ ձախ խմբավորումներն ու վանդալներն են կանգնած։

Նա նշել է, որ կատարվել են քրեական հանցագործություններ, որոնց մեղավորները կպատժվեն առավելագույն խստությամբ։

Հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի փողոցներ էր դուրս եկել շուրջ կես միլիոն մարդ։ Ցույցերն ուղեկցվել էին անկարգություններով, իրավապահների հետ բախումներով և թալանով։ Ձերբակալվել էր շուրջ 2400 մարդ, վիրավորվել էր իրավապահ մարմինների 1000 աշխատակից։ Երկրի որոշ քաղաքներում մասնակի պարետային ժամ էր սահմանվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *