Սա Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է: Սա նրա կողմից Հայաստանի քաղաքական դաշտի կարևոր ֆիգուրներից մեկին մեկուսացնելու պրոցես է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանն ինքն այսօր բացահայտեց, որ առաջիկայում քաղաքական լուրջ պրոցեսներ են սպասվում․ նա չբացառեց նաև արտահերթ ընտրությունների հնարավորությունը։
«Ընտրություններից հետո սկսված անմիջական ռեպրեսիաները շատ ուղիղ կապ ունեն առաջիկա Հայաստանի ներքաղաքական և նաև դրսից պարտադրված օրակարգերի համատեքստում։ Սա է այս լայնածավալ բռնաճնշումների նպատակը, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այս ճանապարհով այդ խնդիրները լուծել չի լինելու:
Աշխարհում շատ ավելի բռնապետական, տոտալիտար համակարգեր փլուզվել են, բայց ՔՊ-ինը մնացածից տարբերվում է հենց նրանով, որ իրենց վզին կա արյուն, կա հանձնված հայրենիք, մի քանի հազար զոհ և այս իշխանության վերարտադրությունը բնության օրենքներին էլ է հակասում»,– ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Փաշինյանը փորձելու է ճնշումներով պահել իր իշխանությունը, սակայան վստահեցրեց՝ դա երկար չի տևելու:
ՊԾ-ի հսկողության տակ էլ եթե չգտնվեր, չէր թաքնվելու Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար իր հետ է շփոթում, հավելեց նա:
«Ինքն է թաքնվել, ինքն է թռել, ինքն է պախկվել: Քոչարյանը վերադարձել է, որ կարող էր շատերի պես չվերադառնալ: Հետևաբար նա, հավանաբար, իր հետ է շփոթում: Խոսքը 25 տարվա առաջվա վաղեմությունն անցած ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին է, որտեղ պարզ է, որ վկա էլ չկա, որի վրա կարելի է ճնշում գործադրել: Հետևաբար սա ընդամենը վրեժխնդրություն է»,– ասաց Սաղաթելյանը։