Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում


Սպորտ


Լաս Վեգասում կայանալիք RAF 14 ըմբշամարտի մրցաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսը վերածվել է իսկական քաոսի։ Զանգվածային ծեծկռտուքի կիզակետում են հայտնվել UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար Արման Ծառուկյանը, նրա մտերիմ ընկեր ու մարզընկեր Խամզատ Չիմաևը և սկանդալային վարքագծով հայտնի ամերիկացի մարտիկ Դիլոն Դենիսը։


Իրավիճակը սկզբում ընթանում էր սովորական «թրեշ-թոքի» շրջանակում, սակայն ամեն ինչ պայթեց, երբ լրագրողները Դենիսին հարցրին իր շապիկի մասին։ Ամերիկացին ոտքի կանգնեց և ցուցադրեց Խամզատ Չիմաևի՝ առանց մորուքի լուսանկարով շապիկը, որի վրա վիրավորական գրառում կար. «Խամզատը իմ ք***ն է»։


Այս սադրանքը հունից հանեց 29-ամյա հայ մարտիկին։ Չհանդուրժելով ընկերոջ հասցեին հնչած վիրավորանքը՝ Ծառուկյանը կայծակնային արագությամբ տեղից վեր թռավ, նետվեց դեպի Դենիսը և փորձեց հարվածել նրան։ Թեև Արմանի հարվածը շեղվեց թիրախից և դիպավ անվտանգության աշխատակցին, այդ պահից բեմում իսկական իրարանցում սկսվեց։

Երկու մարտիկների թիմերի ներկայացուցիչները, մարզիչներն ու անվտանգության աշխատակիցները նետվեցին բեմ. սկսվեց հրմշտոց և հարվածների տարափ, ինչի հետևանքով բեմահարթակը գրեթե փլուզման եզրին էր։

Միջադեպին փորձեց միջամտել նաև դահլիճում գտնվող Խամզատ Չիմաևը։ Նա շարժվեց դեպի Դենիսը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվեց փակել նրա ճանապարհը։ Երբ սադրիչ ամերիկացուն դուրս էին հանում դահլիճից, Չիմաևը նրա հետևից կոշտ հայհոյանքներ հնչեցրեց՝ վիրավորելով վերջինիս ծնողներին։


Միջադեպի պատճառով մամուլի ասուլիսը փաստացի տապալվեց։ Երբ կազմակերպիչներին վերջապես հաջողվեց հանդարտեցնել կրքերը և ազատել բեմը ավանդական հայացքների մենամարտի համար, Ծառուկյանն ու Դենիսն այլևս բեմ դուրս չեկան։ Արտասահմանյան մամուլն արդեն նշում է, որ Արմանի այս պոռթկումը կարող է հերթական անգամ առաջացնել UFC-ի նախագահ Դանա Ուայթի դժգոհությունը։

RAF 14 մրցաշարը կկայանա հոկտեմբերի 23-ին՝ Լաս Վեգասի Fontainebleau արենայում։ Երեկոյի գլխավոր իրադարձությունը հենց Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի գոտեմարտն է՝ միջին քաշային կարգի Crossover չեմպիոնական գոտու համար։ Նույն մրցաշարի շրջանակում գորգ դուրս կգա նաև Խամզատ Չիմաևը, որի մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն,

ամերիկացի վետերան Ռոբի Լոուլերը։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *