Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կասկածի տակ է դնում, թե արդյոք «Խաղաղության խորհուրդը» (Board of Peace) կկարողանա իրականացնել նախագահ Թրամփի՝ Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը՝ առանց ԱՄՆ կառավարության կողմից լրացուցիչ պլանավորման և ռեսուրսների հատկացման։ Այս մասին նշված է Պետդեպարտամենտի ղեկավարությանը հինգշաբթի օրը դեսպանատան ուղարկած ծառայողական հեռագրում, որը հայտնվել է POLITICO պարբերականի տրամադրության տակ։
Հաքաբին մտահոգություն է հայտնել, որ ո՛չ կազմակերպությունը, ո՛չ էլ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը չունեն անհրաժեշտ անձնակազմ՝ պաղեստինյան անկլավը զինաթափելու և վերակառուցելու ծրագրերն առաջ տանելու համար։
Հաքաբիի հարցերը կենտրոնանում են այն բանի վրա, թե արդյոք ԱՄՆ-ի, Իսրայելի և միջազգային գործընկերների միջև համակարգման համար ստեղծված հիմնական կենտրոնը՝ Գազայի միջազգային աջակցության կենտրոնը, կկարողանա շարունակել գործողությունները, երբ Պենտագոնը կրճատի իր անձնակազմը, ինչպես նախատեսված է հաջորդ տարվա ընթացքում։ Հեռագրում նշվում է, որ ներկայիս ծրագիրը նախատեսում է, որ այդ աշխատանքները կկատարեն քաղաքացիական անձինք։
Թրամփի ստեղծած և փետրվարին իր գործունեությունը սկսած «Խաղաղության խորհուրդ»-ն ունի ՄԱԿ-ի մանդատ՝ ստեղծելու և համակարգելու Գազայի վերականգնման ֆինանսավորումը, և խորհրդին միանալուց հրաժարված եվրոպացիները համաձայնել են իրենց աշխատանքը համապատասխանեցնել դրա հետ։