Իտալիայի հատուկ ծառայությունները չեն գտել որևէ ապացույց անկարգությունների կազմակերպման գործում ենթադրյալ արտաքին միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է La Repubblica-ն՝ հղում անելով Իտալիայի հետախուզության և ներքին անվտանգության գործակալության (AISI) ղեկավար Բրունո Վալենսիզեին։
Ըստ թերթի՝ Վալենսիզեն խորհրդարանական անվտանգության հարցերի հանձնաժողովին (Copasir) ուղղված հայտարարության մեջ նշել է, որ ներկայում չկան ապացույցներ ցույցերի կազմակերպման գործում արտաքին միջամտության վերաբերյալ։ AISI-ն, սակայն, չի հերքում, որ արտաքին ուժերը կարող էին միանալ արդեն ձևավորված բողոքի ցույցերին՝ դրանք ուժեղացնելու համար։
Հոկտեմբերի 16-ին Իտալիայում բողոքի ալիք է բարձրացել Ջորջիա Մելոնիի կառավարության քաղաքականության դեմ։ Առանձին միջադեպեր են գրանցվել Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում։ Բողոքի ցույցերը շաբաթավերջին շարունակվել են նաև Միլանում, որտեղ տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է 200 մարդ։ Երկու օրվա ընթացքում վիրավորվել է ավելի քան 100 իրավապահ։
Unimpresa հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Իտալիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի և անկարգությունների մեկ օրը պատճառել է մինչև 1,6 միլիոն եվրոյի տնտեսական վնաս։