Մարվելի «Վրիժառուները․ անսահմանության պատերազմը» ֆիլմից հայտնի Թանոսի «անսահմանության ձեռնոցի»՝ թանկարժեք քարերով պատված կրկնօրինակը դեկտեմբերի 8-ին աճուրդի կհանվի Աբու Դաբիում։
East Continental Gems ընկերության պատրաստած ձեռնոցը զարդարված է վեց իրական թանկարժեք քարերով՝ ռուբինով, նռնաքարով, շափյուղայով, ամեթիստով, զմրուխտով և դեղին ադամանդով։ Դրանք խորհրդանշում են անսահմանության վեց քարերը, որոնք Մարվելի տիեզերքում կառավարում են տարածությունը, միտքը, հոգին, իրականությունը, ուժը և ժամանակը։
2018 թվականի ֆիլմում չարագործ Թանոսն օգտագործում է ձեռնոցը՝ մատների մեկ ճտոցով ողջ կյանքի կեսը ոչնչացնելու համար։ Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ նմուշը կարող է հետաքրքրել ինչպես Մարվելի երկրպագուներին, այնպես էլ թանկարժեք զարդերի ու արվեստի հավաքորդներին։