Թրամփի փեսային Ադրբեջանի միջոցով առնվազն 2 միլիարդ դոլար է փոխանցվել․ Vanity Fair

Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայությունը 2017 թվականին հասանելիություն է ստացել և մի քանի տարի շարունակ հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հեռախոսին, ինչը թույլ է տվել տեղեկություններ ստանալ գործարարի՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարության հետ ենթադրաբար ունեցած գաղտնի ֆինանսական պայմանավորվածությունների մասին։

Այս մասին Քուշներին նվիրված իր գրքում գրել է լրագրող Մեթյու Քոուլը։ Գրքից հատվածներ են հրապարակվել Vanity Fair ամսագրում։

Հրապարակման մեջ պնդվում է, որ ամերիկացի գործարարը հասանելիություն է ունեցել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ կապված երկու հաշիվների։ Ենթադրաբար, այդ հաշիվներին Ադրբեջանի միջոցով փոխանցվել է ընդհանուր առմամբ առնվազն 2 միլիարդ դոլար։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի փեսան գործարքներ է իրականացրել նաև ԱՄԷ-ում և Իսրայելում բացված ևս երեք գաղտնի հաշիվներով։

Այս տեղեկությունների ֆոնին Նիդերլանդների հետախուզությունը եզրակացրել է, որ Քուշները գումարի դիմաց Սպիտակ տանը լոբբինգ է արել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի շահերի օգտին։ Գաղտնիությունը պահպանելու համար միջոցները փոխանցվել են միջնորդ կազմակերպությունների միջոցով, որոնց հետ գործարարը պաշտոնապես որևէ կապ չուներ։

Մեկնաբանելով տեղեկությունը՝ ԱՄՆ նախագահի փեսան հերքել է մեղադրանքները։ Նա ընդգծել է, որ «վրդովեցուցիչ հերյուրանքները» փորձում են ներկայացնել որպես լրագրողական հետաքննություն։

«Այս հեղինակի պնդումները բացարձակապես խելահեղ են և կեղծ», — գրել է Քուշներն X սոցիալական ցանցի իր էջում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *