Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի եռակողմ ձևաչափով հանդիպումը կկայանա նոյեմբերի առաջին կեսին

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը եռակողմ ձևաչափով կկայանա նոյեմբերի առաջին կեսին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։

Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ տեխնիկական բանակցություններից հետո կարող է կայանալ երեք երկրների առաջնորդների հանդիպումը։

Զելենսկին հայտնել է, որ ուրբաթ օրը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Շաբաթվա սկզբին նրանք նաև անձամբ հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել հնարավորինս շուտ՝ նոյեմբերի առաջին կեսին։ Զելենսկին նշել է, որ դրա անցկացումը մեծապես կախված է Ռուսաստանի դիրքորոշումից:

Նրա խոսքով՝ հնարավոր խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ, այդ թվում՝ առաջիկա տասը տարիներին ֆինանսական օգնություն՝ ուկրաինական բանակի մարտունակությունը պահպանելու համար։ Նա նաև ընդգծել է բանակցություններին եվրոպական երկրների մասնակցության անհրաժեշտությունը։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները շարունակում են սահմանափակումների բախվել Starlink արբանյակային կապի համակարգից օգտվելիս՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավաստիացումներին, որ համակարգի աշխատանքը վերականգնվել է։

Ուկրաինան նաև սպասում է զենիթային հրթիռների հերթական՝ ավելի վաղ համաձայնեցված խմբաքանակի մատակարարմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *