Ռուսական դիզելային վառելիքով առաջին երեք տանկերն արդեն ճանապարհին են՝ ընթանալով դեպի Ատլանտյան օվկիանոսի արևելյան ափեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ օրերս Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ ԱՄՆ-ի հետ դիզելային գործարքի շրջանակում ՌԴ-ն պատրաստում է առաքման միանգամից մի քանի տանկեր։
Ըստ ռուսական կողմի՝ այս քայլը վկայում է միջազգային պատժամիջոցների և էմբարգոյի պայմաններում ռուսական նավթամթերքի վերաուղղորդման մասին։
«Ռուսաստանը շարունակում է փնտրել արտահանման նոր երթուղիներ և այլընտրանքային շուկաներ՝ ապահովելու համար վառելիքի կայուն մատակարարումներն ու պահպանելու իր դիրքերը էներգետիկ ոլորտում»,- նշում են ռուսական աղբյուրները՝ ընդգծելով․ «Արևմտյան երկրների սահմանափակումներից հետո ռուսական էներգակիրների համաշխարհային քարտեզը զգալիորեն փոփոխվել է։ Նախկինում դեպի Եվրոպա ուղղվող հիմնական հոսքերն այժմ ավելի ու ավելի հաճախ են վերաբաշխվում դեպի Ասիա, Մերձավոր Արևելք, Աֆրիկա և Լատինական Ամերիկա: Ատլանտյան օվկիանոսի արևելյան ավազանի ուղղությամբ մատակարարումների ակտիվացումը ռուսական ընկերություններին թույլ է տալիս մուտք գործել սպառման նոր կենտրոններ, որտեղ դիզելային վառելիքի պահանջարկը շարունակում է բարձր մնալ»։
Միջազգային փորձագետներն էլ նշում են, որ ծովային նման երկար երթուղիները պահանջում են լոգիստիկ նոր լուծումներ, ապահովագրական ռիսկերի վերահսկում և տանկերային նավատորմի ավելի ինտենսիվ օգտագործում։