ՏԻՄ ընտրություններին նախորդող «լռության օրը» Արթիկում «Ապրելու երկիր» կուսակցության 3 անդամ է ձերբակալվել, այդ թվում՝ կուսակցության թեկնածուն։ Այս մասին ABC Media-ին հայտնում է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ` նախորդ օրը, անհասկանալի պատճառներով բերման են ենթարկել մեր թիմակիցներին։ Սրա նպատակը առնվազն ընթացիկ աշխատանքները խաթարել ու վախի մթնոլորոտ տարածելն է համայնքում։ Որևիցե այլ պատճառաբանություն չկա», – ասում է Առաքելյանն՝ իշխանության վարքագծին տալով էժանագին որակումը։
Ըստ մեր զրուցակցի՝ արտառոց որևէ բան կամ միջադեպ չի եղել, քարոզարշավն էլ իրականացվել մինչև վերջին օրը։
«Այսօր էլ «լռության օր» է, և մեր թիմակիցներն այսօր պետք է պատրաստվեին վաղվան, զբաղված լինեին նախապատրաստական աշխատանքներով»,- մանրամասնում է Առաքելյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքների մասին տեղեկություն չի հայտնում, միայն մեկնաբանում է, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալվածներ։