Այստեղ ենք՝ ոգեկոչելու մեր 1 ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակն ու մեր կորսված հայրենիքի հիշողությունը ևս հավերժ պահելու:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Ցեղասպանությունը միայն պատմական հիշողություն չէ: Այսօր այն ցավոք շարունակվում է մեզ հետ՝ Արցախում տեղի ունեցող մշակութային ոճրագործությունների տեսքով: Ուստի այսօր պետք է բոլորս շարունակեք պայքարը, որ կարողանանք ունենալ ուժեղ, հարատև պետություն, որ կանխարգելենք հետագա ոճրագործությունները, որովհետև նույն ցեղասպան ձեռքը հիմա էլ չի հանդարտվել: Պիտի դառնանք միասնական ազգ, բռնենք այդ ձեռքն ու հետագայում նաև կոտրենք այն»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին, որում նա նշել էր, որ պատմական արդարության վերականգնումն անընդունելի է, Չալաբյանը նշեց՝ անընդունելի է հենց ինքը՝ Փաշինյանը:
«Անընդունելի է Նիկոլ Փաշինյանը՝ իր ամբողջ էությամբ, անընդունելի է նրա ցանկացած խոսք, ժողովրդի կամքը կոտրելու նրա ցանկացած դրսևորում:
Մենք պետք է դուրս մղենք բոլոր նրանց, ովքեր փորձում են համոզել, որ պետք է համակերպվենք այդ թշնամական պարտադրանքի հետ: Մենք մեր թշնամուն պիտի դուրս մղենք մեր հայրենիքից», – ասաց Չալաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: