Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի մասնակցությամբ առաջիկա գագաթնաժողովի կազմակերպման և նախապատրաստման աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ ՉԺՀ-ի գործընկերները շատ լրջորեն են մոտենում բանակցությունների անցկացմանը։
«Հիմա արդեն կարող եմ հստակ ասել, որ և՛ Մոսկվայում, և՛ Պեկինում, և՛ Վաշինգտոնում սկզբունքորեն պատրաստ են դրա անցկացմանը, և դրա նախապատրաստումն արդեն սկսվել է»,– ասել է նա։
Ուշակովը նաև նշել է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը, որը կարող է կայանալ նոյեմբերին, կունենա «փորձնական բնույթ», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ այնպիսի երկրների առաջնորդների հանդիպումը, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը, չափազանց կարևոր իրադարձություն է, սակայն այն խոսակցությունները, թե այդ հանդիպման ընթացքում կորոշվեն աշխարհի ճակատագրերը, չեն համապատասխանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը։