Այս ամառ Ֆինլանդիայում պետք է տեղի ունենար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաև նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների գաղտնի հանդիպումը ուկրաինական պատվիրակության հետ, սակայն այն վերջին պահին չեղարկվել է։ Այս մասին պարզել է ֆիննական Ilta-Sanomat թերթը։
«Ֆինլանդիայում նախատեսվում էր Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպում, որին պետք է ժամանեին Թրամփի հատուկ բանագնացները»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ հանդիպումը նախատեսվում էր նվիրել խաղաղության նախաձեռնություններին, որոնք հետագայում պետք է ներկայացվեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի վերջին այդ հարցը քննարկել էր Ուիթքոֆի և Քուշների հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Թերթի տեղեկություններով՝ բանակցությունները վերջին պահին չեղարկվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման ֆոնին։
Հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին տեղեկացրել էր, որ Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերի երկրորդ տասնօրյակում վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել նոյեմբերին՝ Աբու Դաբիում։