Ձերբակալություններ՝ հայաշատ Գլենդելում․ քաղաքապետարանից հայտնում են՝ ICE–ն գործում է իր օրինական լիազորությունների շրջանակներում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի Գլենդել քաղաքում դաշնային միգրացիոն ծառայությունները լայնածավալ ռեյդեր են իրականացնում։

Սոցիալական ցանցերում արագորեն տարածվում են ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցների կողմից իրականացվող կոշտ ձերբակալությունների կադրերը։

Գլենդելի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ տեղյակ է «համայնքում ներգաղթի մասին դաշնային օրենքների կիրառմանն ուղղված գործողությունների վերաբերյալ հաղորդումներից»։

«Գլենդելի ոստիկանության վարչությունը գործում է Կալիֆոռնիայի Սենատի թիվ 54 օրինագծի՝ «Կալիֆոռնիայի արժեքների մասին» օրենքի համաձայն և չի մասնակցում ներգաղթի մասին դաշնային քաղաքացիական օրենքների կիրառմանն ուղղված գործողություններին։ Ներգաղթի հարցերով դաշնային մարմինները գործում են իրենց իրավասությունների և օրինական լիազորությունների շրջանակներում։ Թեև Գլենդելի քաղաքապետարանը և ոստիկանության վարչությունը չեն մասնակցում այդ գործողություններին, նրանք նաև իրավասու չեն միջամտելու կամ խոչընդոտելու դաշնային մարմինների օրինական գործողություններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Գլենդելի կենտրոնում, արձանագրվել է ICE-ի ենթադրյալ գործողության մասին ահազանգ։ Ըստ հրապարակված հաղորդման՝ տարածքում նկատվել են առնվազն չորս ամենագնաց և մեկ բեռնատար, ինչպես նաև ICE-ի տարբերանշաններով ժիլետներ կրող, դեմքերը ծածկած առնվազն հինգ աշխատակից։ Նշվում է, որ նրանք շփվել են երկու տղամարդու հետ, որոնցից մեկը գտնվել է սպիտակ Porsche ամենագնացի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *