Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 43-ամյա Արման Պ․-ի վարած «BYD» մակնիշի և դեռևս անհայտ անձի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Պ.-ն, նրա ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Տաթևիկ Ք․-ն և «Kia»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 48-ամյա Կարեն Պ-ն և 48-ամյա Մարիաննա Ա.-ն, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորների Մարիաննա Ա մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինը ուներ 3 երեխա։