Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Աջափնյակում մետրո կառուցելու համար: Իրատեսական համարվեց մեկ ամիս ժամկետը:
«Ես ուզում եմ իրապես կարևորի վրա սևեռել ուշադրությունը: Մենք հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը՝ կլինի այս, թե մյուս գործընկերոջ հետ: Ինձ անկեղծ ասած այլևս դա չի հետաքրքրում: Իրապես մենք շատ երկար ենք խոսել այս թեմայի մասին: Հասկանում եմ, որ մետրո կառուցելու կարողությունն ու գիտելիքը կորցրել ենք, բայց սա պետք է իրականացնի հայկական ընկերություն: Այդ գիտելիքն այլևս այստեղից չպետք է հեռանա», – նշեց նա:
Նրա խոսքով, պատճառն այն է, որ մեկ կայարանով չեն ցանկանում սահմանափակվել և ցանկանում են այդ կարողությունն այստեղ զարգանա:
«Դա կլինի հայկական ընկերություն, որը կունենա հայ մասնագետներ: Հաջորդ տարի սկսելու ենք շինարարություն և այդ գիտելիքն այստեղ է մնալու», – նշեց նա: