Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությունը երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է որակել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆի հայտարարությունն Ադրբեջանում կրթական հարցերի վերաբերյալ զարմանք և ափսոսանք է առաջացնում։ Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ոչ ոքի թույլատրված չէ միջամտել երկրի ներքին գործերին, այդ թվում՝ նրա կրթական քաղաքականությանը, և նման փորձերը վճռականորեն կանխվում են», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նախարարությունը Իրանի պաշտոնյաներին խորհուրդ է տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով։ Մասնավորապես, գերատեսչությունում նշել են, որ Իրանի վարած քաղաքականության հետևանքով երկրում չկա որևէ դպրոց, որտեղ դասավանդումն իրականացվի ադրբեջաներենով։ Այդ լեզվով ուսուցում չի իրականացվում նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում։
«Մինչդեռ Իրանի բնակչության շուրջ 40 միլիոնը բնիկ էթնիկ ադրբեջանցիներ են, որոնք տասնամյակներ շարունակ զրկված են մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքից», – նշվում է հայտարարության մեջ։
Նախարարությունում ընդգծել են, որ Իրանի գերատեսչության ղեկավարը, ինչպես նաև այդ թեմայով Իրանում հանդես եկող մյուս անձինք «պետք է զբաղվեն նշված խնդիրների լուծմամբ և միջոցներ ձեռնարկեն տասնամյակներ շարունակ պահպանվող անարդարությունը վերացնելու համար»։
Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարաֆը դեմ է արտահայտվել Ադրբեջանում դպրոցական միասնական համազգեստի ներդրմանը և հայտարարել «ազատ կրթական միջավայր» ստեղծելու հնարավորության մասին այն աղջիկների համար, որոնք զրկված են կրթության իրավունքից։
Իրանի նախարարը հայտարարել է, որ իր երկրի համալսարանները պատրաստ են ընդունել ադրբեջանցի աղջիկներին՝ ընդգծելով, որ «հագուստի ձևը չպետք է խոչընդոտի կրթություն ստանալուն»։