Եվրամիության (ԵՄ) պարտքը մինչև 2027 թվականի վերջը կարող է հասնել 1 տրիլիոն եվրոյի։ Այս մասին Rapporteur պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական հաշվեքննիչ պալատի նախագահ Թոնի Մըրֆին։
Նա նշել է, որ խոսքը ոչ թե ԵՄ անդամ երկրների պետական պարտքի ընդհանուր գումարի մասին է, այլ հենց Եվրամիության սեփական պարտքի։
Մըրֆիի խոսքով՝ եթե 2019 թվականին ԵՄ-ի պարտքը կազմում էր 52,1 միլիարդ եվրո, ապա 2025 թվականի վերջին այն աճել է՝ հասնելով 738,9 միլիարդ եվրոյի։
Պարտքի զգալի մասը կապված է NextGenerationEU (NGEU) վերականգնման ծրագրի շրջանակում ներգրավված միջոցների հետ։ Ծրագիրը ստեղծվել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով։ 2020 թվականին ԵՄ-ն այդ նպատակով իրականացրել է մինչև 750 միլիարդ եվրոյի ընդհանուր ծավալով փոխառություններ։ Միջոցները ներգրավվել են ԵՄ-ի անունից եվրապարտատոմսերի թողարկման միջոցով։
ԵՄ-ի ընդհանուր պարտքի աճին նպաստող գործոնների թվում նշվում են նաև Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով Եվրամիության կողմից տրամադրվող նոր վարկերը։