Կյանքից անժամանակ հեռացել է Գորիսի արժանավոր զավակ, անվանի վիրաբույժ Սլավիկ Ամիրյանը, հայյտնում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
«Սլավիկ Ամիրյանի մասնագիտական բարձր որակները, նվիրումն ու հայրենի երկրամասին ծառայելու պատրաստակամությունը հատկապես դրսևորվեցին Արցախյան պատերազմի տարիներին։ Այդ ժամանակ Գորիսի հիվանդանոցը վերածվել էր թիկունքային հոսպիտալի, որտեղ կատարվել են ավելի քան 5000 վիրահատություններ՝ փրկելով բազմաթիվ ազատամարտիկների և զինվորականների կյանքեր։ Այդ ծանր ու պատասխանատու օրերին Սլավիկ Ամիրյանի մասնագիտական վարպետությունն ու անձնուրաց աշխատանքը մեծ նշանակություն ունեցան։
Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ կենդանության օրոք նա արժանիորեն չգնահատվեց։ Ցավալի է, երբ մարդու վաստակի իրական արժեքը հաճախ գիտակցվում է նրա հեռանալուց հետո։
Սլավիկ Ամիրյանի կյանքն ու գործունեությունը մեր քաղաքի պատմության այն էջերից են, որոնք պետք է հիշվեն երախտագիտությամբ։ Նրա թողած ժառանգությունը ոչ միայն մասնագիտական ձեռքբերումներն են, այլև մարդկային նվիրումի, պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու օրինակ։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Սլավիկ Ամիրյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան»։