Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ է հանդես եկել, քանի որ չի ցանկացել հավերժական պատերազմ և վրեժխնդրության չի ձգտել։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Միջմշակութային երկխոսության VII համաշխարհային ֆորումի բացմանը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
«2020 թվականի պատերազմը և 2023 թվականին իրականացված «հակաահաբեկչական գործողությունը» վերջ դրեցին օկուպացիային։ Մենք ամբողջությամբ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Դրանից հետո Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ դեպք է։
Պատերազմների պատմության մեջ դժվար է գտնել մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեն վերջին արյունալի բախումից ավելի քան երկու տարի անց։ Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց։
Մենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ ենք հանդես եկել, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժխնդիր լինել։ Թեև, կարծում եմ, անհրաժեշտ է հաշվի առնել նաև էմոցիաները։ Ես միշտ ասում եմ, որ մենք վրեժխնդիր ենք եղել մարտի դաշտում և չպետք է դրանից այն կողմ գնանք։ Հակառակ դեպքում պատերազմն անվերջ կլինի»,- ասել է Ալիևը։