Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին

Շինարարների փողոցում՝ ծառերի վրա, սկոտճով փակցված են տասնյակ պաստառներ՝ «Ծաղկի խանութը տեղափոխվել է 50 մետր վերև», «Վարսավիրին զանգեք նշված համարով», սակայն ոչ բոլորի բախտն է բերել Շինարարների փողոցում հոկտեմբերի 12-ի լայնածավալ ապամոնտաժման աշխատանքներից հետո հարմար տեղ գտնել բիզնեսը շարունակելու համար։

Վարձակալներից մեկը, որ տեղում հագուստի խանութ էր բացել, պատմում է՝ իր աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի։ Գիշեր-ցերեկ տարածք է որոնում՝ խանութը վերաբացելու համար։

Ամիսներ առաջ էր Աջափնյակի վարչական ղեկավարի գրասենյակը ստորագրել և երկարաձգել տարածքի մի քանի սեփականատերերի սեփականաշնորհման պայմանագրերը։ Գալ և երկարաձգումից 3 ամիս անց քանդել մարդկանց աշխատանքի միակ հնարավորությունը, խելամտության սահմանում չէ, ֊ ասում է քաղաքապետարանի ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը․

«Այո՛, միգուցե եկել է ժամանակը՝ բարեկարգել, վերանայումներ անել կրպակների։ Էդ պարագայում հարց է առաջանում՝ եթե ամիսներ առաջ կնքում էիք պայմանագրերը, չէի՞ք մտածում պատասխանատվության մասին։ Սա պարզապես ցույց է տալիս, որ իրենք սիտուատիվ որոշումներ են կայացնում» – բարձրաձայնում է Մանուկ Սուքիասյանը։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն էլ գործընթացի իրավական կողմն է բացատրում. առաջին անգամ չէ, որ քաղաքում ինքնակամ կառույցներ են քանդում տերերին և վարձակալներին ընդամենը մեկ օր առաջ զգուշացնելուց հետո։ Ընթացակարգով դա տարիների աշխատանք պետք է լինի․

«Առաջին հերթին Երևանի քաղաքապետարանը պետք է ստուգի սեփականաշնորհման իրավական հիմքերը․ չափագրումներ անի, պարզի՝ կադաստրի վկայականի կոորդինատներին համապատասխանո՞ւմ է արդյոք շինությունը։ Այս ամենից հետո Երևանի քաղաքապետարանը քանդման մասին պետք է ծանուցի շինարարին, պետք է սեփականության իրավունքը վիճարկվի դատարաններում»։

Սա շատ երկար գործընթաց է, որը պետք է տևի առնվազն 2 տարի, – հավելում է ակտիվիստը, – իսկ Երևանի քաղաքապետարանը չի ցանկանում այդքան երկար ժամանակ ծախսել՝ իրավական գործընթացների վրա։

Այդուհանդերձ՝ մնացել են սեփականատերեր, որոնց կրպակները դատարանի որոշման հիմքով չեն քանդել, նրանք էլ վախենում են ապրանքը դնել կետերում և վաճառել։ Այս վաճառակետերը գրեթե դատարկ են։ Կողքով անցնելիս՝ տեսնում ես՝ մեկ֊երկու ապրանք է դրված դարակաշարերին։ Վաճառողներն ասում են՝ վախենում են ապրանքը գնեն, շարեն ու սկսեն վաճառել և ահա՝ քաղաքապետարանը գա, իրենցն էլ քանդի․ ինչպե՞ս են ծախսի տակից դուրս գալու։

Անցնող֊դարձող աջափնյակցիներն էլ հակասական կարծիք ունեն։ Լավ է, որ քանդել են․ մայթերը լայնացել են, բայց որտեղի՞ց իրենց առևտուրն անեն, չէ՞ որ սուպերմարկետում ավելի թանկ է։ Մի մասն էլ մտածում են կրպակի տերերի մասին․ նրանք էլ անգործ են մնացել։

Կրպակները քանդել են ուղիղ 2 շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 12֊ին։ 14 օր է անցել՝ տարածքում շինաղբի մաքրման պատշաճ աշխատանքներ չեն իրականացվել։

Քաղաքապետարանը ճիշտ հերթականությունը չի պլանավորում։ Քանդելուց առաջ նախօրոք պետք է ապամոնտաժման, բարեկարգման մրցույթներ հայտարարեին, որից հետո անմիջապես սկսեին բարեկարգման աշխատանքները, որ այդ աղբն այդպես ամիսներով չմնար։ Երևանում բազմաթիվ են դեպքերը, որ ապամոնտաժման աշխատանքներից հետո շինաղբը երկար ժամանակ մնում է թափված։

Մինչ թաղապետ Սերոբ Սարգսյանը ապամոնտաժման թեժ աշխատանքների պահին տուժածներին խոստանում էր փոխհատուցում տալ, հարց է առաջանում կա՞ արդյոք փոխհատուցումն անաչառ իրականացնելու եղանակ, եթե գույքն արդեն քանդված է։ Չկա գույքը, չկա պատշաճ գնահատելու և փոխհատուցելու տարբերակ։

«Նախ թող չվերակնքեին սեփականության երկարաձգման պայմանագրերը։ Եթե չվերակնքերին․ այդ դեպքում համայնքային բյուջեից ֆինանսական արտահոսքի անհրաժեշտություն չէր առաջանա։ Եթե նման պլան ունեիք, ասեիք՝ ժամկետն ավարտվել է, եղբայր, դու ինչքան գումար ունես, քեզ լինի։ Հիմա վերադարձրու տարածքը։ Բայց վերակնքել են և ստեղծել վոխհատուցման օրինական հիմք», – ընդգծում է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Ակտիվիստ Արթուր Չախոյանն էլ հիշեցնում է 2023-ին դատարանում եղած գործը նույն թեմայով, ինչի արդյունքը եղավ համայնքային բյուջեից 550 միլիոն դրամի փոխհատուցման որոշումը։ Ակտիվիստը պարզաբանում է՝ այս իրավիճակը հերթական անգամ առաջ է բերելու դատական նոր գործընթացներ, որոնց հետևանքը լինելու է Երևանի քաղաքային բյուջեի մսխումը․ այս պարագայում ծախսը երիցս փոքր է լինում փոխհատուցումից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *