Հայաստանը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները և ակնկալում է, որ ԵԱՏՄ մյուս անդամները ևս կկատարեն Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին։
«Մենք մեր պարտավորությունները բարեխղճորեն կատարել ենք և հույս ունենք, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները ևս կազմակերպության շրջանակում և երկկողմ ձևաչափով բարեխղճորեն կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավորությունները և չեն խախտի դրանք։ Ցավոք, վերջին ամիսներին հակառակի օրինակներ ենք տեսնում»,- նշել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի որոշումների և վարքագծի հիմքում, անկախ հանգամանքներից, լինելու են երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։
«Մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Կփորձենք կառուցողական ներգրավում և երկխոսություն ապահովել մյուս գործընկերների հետ, բայց մեր պետականությունը լինելու է առանցքում»,- ընդգծել է արտգործնախարարը։