ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։
«Այնտեղ մեր ԵԱՏՄ գործընկերներն ասում են, որ Վիեննայի կոնվենցիայով այդպիսի բան կա, որ ԵԱՏՄ անդամ պետությանը կարող են հեռացնել կամ սառեցնել անդամակցությունը։ Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ կամ հիմնավորմամբ»,- ասել է նա և շեշտել, որ դրա համար անհրաժեշտ է, որ գործընկերը, որից մյուս գործընկերները միջազգային կամ ինտեգրացիոն կազմակերպությունում դժգոհ են և ուզում են հեռացնել, պետք է խախտի իր պարտավորությունները։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել. «Հետևաբար իրավական առումով հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել իրավական հիմնավորումներ գտնելու, բայց համաձայն չեմ ներկայացվող հիմնավորումների հետ։ Բոլորս հասկանում ենք՝ իրավականը իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն կազմակերպության շրջանակներում և երկկողմ պարտավորությունները բարեխղճորեն կկատարի ու չի խախտի. «Բայց, ցավոք, հակառակի օրինակներն ենք տեսնում վերջին ամիսներին»,- ասել է նա և ընդգծել. «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ինչ էլ լինի, մեր որոշումների ու պահվածքի առանցքում են մեր պետականությունը, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը, նաև՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը։ Սա սակարկության առարկա չենք դարձնի»,- շեշտել է նա։