Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ. Ռուբինյան


Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն իրականացնողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ: Այլ հարց է, թե ինչու Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները չեն բացահայտվել այն ժամանակ, երբ դա ամենահեշտն էր անել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցին՝ ինչո՞ւ այժմ չի բացահայտվում Հոկտեմբերի 27-ը, Ռուբինյանն արձագանքեց. «Մի քիչ տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցները եկել, ինձ՝ ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում են, թե ինչու չի բացահայտվել Հոկտեմբերի 27-ը: Ես եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն բացահայտել։ Ասեմ ավելին՝ հնչում են կարծիքներ, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության արդյունքն առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին»։

Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց նաև Հոկտեմբերի 27-ի հետ կապված հայտնի փաստեր:

«Փաստ համար 1: Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները մինչև այժմ անհայտ են:

Փաստ համար 2: Հոկտեմբերի 27-ի կատարողները վաղուց բացահայտված են, և նրանք կրում են իրենց պատիժը:

Փաստ համար 3: Նման հանցագործությունների պատվիրատուներին բացահայտելու ամենահեշտ ճանապարհը կամ ամենահեշտ ժամանակը դրան անմիջապես հաջորդող շրջանն է:

Փաստ համար 4: Հոկտեմբերի 27-ից հետո 19 տարի իշխանության են եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը. և՛ Հոկտեմբերի 27-ի օրն են իրենք իշխանության եղել, և՛ հաջորդող 18 տարիներին, և, այո՛, ես կիսում եմ այն մարդկանց կարծիքը, որ կասկածներ է հարուցում այն փաստը, որ նրանք 19 տարիների ընթացքում չեն բացահայտել դա: Բայց ուզում եմ հիշեցնել, որ մեր իշխանության օրոք արդեն իսկ բացահայտվել են անբացատրելի թվացող հանցագործություններ, օրինակ՝ Խոռխոռունու սպանությունը, որը 20 տարի անց բացահայտվեց, և այսպես շարունակ:

Բնականաբար, չկա որևէ քաղաքական ուժ, որ մեզնից շատ շահագրգռված է այս հանցագործությունը բացահայտելու հարցում, որովհետև, նախ, դա տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և, երկրորդ՝ հնչում են կարծիքներ, որոնք արժանահավատ են թվում, ըստ որոնց՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կտրուկ ամրապնդվեց և դարձավ միահեծան»,- ասաց ԱԺ նախագահը:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *